Մատչելիության հղումներ

ԾԻԳ-երի ու ՊՈԱԿ-ների լուծարումը «վտանգներ է պարունակում»


Թրանսփերենսի ինթերյնեշնլ Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, արխիվ:

Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով այսօրվանից նախարարությունները պետք է կառավարությանը ներկայացնեն ծրագրերի իրականացման գրասենյակների (ԾԻԳ) և պետական ոչ-առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ) լուծարման մասին առաջարկությունների փաթեթներ։

Սեպտեմբերի 29-ին, հիշեցնենք, վարչապետը հանձնարարել էր վերանայել այդ կառույցների գործունեությունը և պարզել, թե որքանով են դրանք արդյունավետ աշխատում։

Կառավարությունն ունի 13 ԾԻԳ։ Ինչպես Ֆինանսների նախարարությունից փոխանցեցին «Ազատությանը», դրանք ունեն 356 աշխատող, իսկ պահպանման ծախսերը կազմում են տարեկան 25 մլրդ դրամ։

«Կառավարության ներքո գործում է 1869 ՊՈԱԿ, որոնցից 1359-ը դպրոցներ են, որոնք ունեն ՊՈԱԿ-ի կարգավիճակ: ԾԻԳ-երի կրճատման վերաբերյալ հարցադրումները կառավարությանն են․․․ խնդիրը դրանք ունեցած ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործելուն է վերաբերում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը:

Կառավարության վերջին նիստին վարչապետը հանձնարարեց Գյուղատնտեսության նախարարին գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության լուծարման վերաբերյալ փաթեթ ներկայացնել։

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, նախարարի հարցին ի պատասխան, պարզաբանել էր․ - «Ուսումնասիրվել են բոլոր տեսչությունների գործառույթները, և մի շարք գործառույթներ ընդհանրապես հնացած են: Կառավարության ծրագրի համապատասխան, այդ գործառույթները ընդհանրապես երկրին օգուտ չեն տալիս, բիզնեսին օգուտ չեն տալիս: Դրանք վերացվում են»:

Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի արդեն նախկին տնօրեն Գագիկ Խաչատրյանը այս որոշման մեջ ռիսկեր է տեսնում․ - «Յուրաքանչյուր կառույցի վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ խորը ուսումնասիրության պետք է ենթարկվի դա: Դա ինքնանպատակ չպետք է լինի: Եվ եթե ուսումնասիրության արդյունքում պարզվի, որ էդ գործառույթը պետք չի, ուրեմն պետք չէ: Եթե պետք է՝ պետք ա շարունակի աշխատել․․․ Վտանգը հետևյալն է․ եթե էդ ուսումնասիրությունների ժամանակ սխալվեն հանկարծ, և կարևոր կառույցները նույնպես լուծարման եզրին կանգնեն: Սա իրոք անթույլատրելի է, և վտանգ է սա»:

Պետական գնումների վերաբերյալ «Թրանսփերենսի ինթերյնեշնլ Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոնի կատարած ուսումնասիրությամբ պարզվել է, որ որոշ նախարարություններ իրենց ՊՈԱԿ-ներից են մեկ անձից գնումներ են կատարել։

Կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ հայտնի չէ նաև, թե ինչ սկզբունքներով են ֆինանսավորում այդ կառույցները․ - «Կային խնդիրներ, օրինակ, «Հայանտառի» հետ կապված, որ բավականին մեծ ծախսեր ուներ: Ստանալով բավականին մեծ ֆինանսավորում, մենք տեսնում էինք միևնույն ժամանակ, որ ֆինանսական վիճակը բավականին տխուր է: Եվ այստեղ ընդհանուր հարց է առաջանում, երևի ներկա համատեքստում շատ կարևոր՝ ընդհանրապես ինչպես են ֆինանսավորվում ՊՈԱԿ-ները, ի՞նչ հիմունքներով»:

Հոկտանյանի խոսքով՝ կառավարությունը որոշել է անցնել խնայողությունների, որովհետև երկիրը ֆինանսատնտեսական ծանր վիճակում է․ - «Քանի որ տնտեսական վիճակը շատ ծանր է, ամեն ինչում խնայողություն անել․․․ Իհարկե, խելամիտ ձևով խնայողություն: Առաջին հերթին խնայողություն այն բանի հաշվին, որ կան շատ ավելորդ ֆունկցիաներ, ավելորդ կառույցներ: Եթե հստակորեն ապացուցվում է, որ դրանք ավելորդ կառույցներ են, անմիջապես դա պետք է վերանայվի և դադարեցվի դրանց գործունեությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG