Մատչելիության հղումներ

2017-ին ավելի քան 1 մլրդ դրամով կնվազեն պետական կառավարման մարմինների ծախսերը


Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, արխիով:
Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, արխիով:

Ծախսերի կրճատումը, սակայն, գրեթե չի ազդի բարձրաստիճան պաշտոնյաների գործուղումների, աշխատավարձերի ու պարգևատրումների վրա: Տնտեսումը կկատարվի հիմնականում աշխատատեղերի ու գույքի կրճատման հաշվին:

Նախագահի աշխատակազմը, օրինակ, հաջորդ տարի ծախսերը կնվազեցնի մոտ 550 մլն դրամով: Խորհրդարանում այսօր շարունակվող 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը պարզաբանեց, որ գումարը կտնտեսվի հիմնականում Ազգային անվտանգության խորհրդում աշխատատեղերի կրճատման հաշվին․ - «Ունեինք 93 հաստիք Ազգային անվտանգության խորհրդում, այսօր ունենք 27»:

Աշխատատեղերի հաշվին տնտեսող նախագահի աշխատակազմը, սակայն, հաջորդ տարի 40 մլն դրամով կավելացնի պետական մրցանակների համար հատկացվող գումարը:

Այսօր խորհրդարանում շարունակվող 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը փորձեց Գևորգյանից պարզել, թե ինչի համար են մի շարք հասարակական կազմակերպություններ ու պետական ոչ-առևտրային կազմակերպություններ նախագահի աշխատակազմից տարեկան միլիոնավոր դրամներ ստանում․ - «Արդյո՞ք արդարացնում է, ըստ Ձեզ, Վերլուծական, հասարակայնության հետ կապերի ՊՈԱԿ-ի աշխատանքների արդյունավետության, նպատակահարմարության և տնտեսման ռեժիմի շրջանակներում միջոցների տրամադրման մասով նպատակահարմարությունը»:

Նախագահի աշխատակազմի ղեկավարի արձագանքը․ - «Ես ասեմ, որ միգուցե հանրության մի զգալի մասի համար ոչ-տեսանելի ինչ-որ աշխատանք է իրականացվում: Հասցրել եմ արդեն երկու անգամ լինել ՊՈԱԿ-ում, հանդիպել անձնակազմի հետ: Կարող եմ մեծ գոհունակությամբ ասել, որ շատ պատրաստված, շատ դինամիկ և շատ երիտասարդ թիմ է հավաքված, որը, ամենակարևորը՝ շատ նվիրումով է այդ աշխատանքը անում»:

Քննարկման ավարտին լրագրողները Արմեն Գևորգյանին հարցրին, թե արդյոք հնարավոր չէ խնայողություններ անել նաև նախագահի աշխատակազմի ծախսերում: «Ամեն ինչ հնարավոր է», - արձագանքեց նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Հաջորդ տարի նախատեսվում է մոտ 390 մլն դրամով կրճատվել Ազգային ժողովին հատկացվող գումարը: Պատգամավորների աշխատավարձի, գույքի ու սպասարկող մեքենաների վրա, սակայն, կրճատումը չի անդրադառնա: ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի պարզաբանմամբ՝ պարզապես նոր Սահմանադրությամբ ապրիլին ընտրված խորհրդարանը 131-ի փոխարեն կարող է ունենալ 101 պատգամավոր:

Թովմասյանն ընդգծեց, միջազգային կառույցների համաժողովներին պատգամավորները կշարունակվեն գործուղվել բյուջեի հաշվին․ - «Դրանք կարող եմ թվարկել․ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողով: Ընդհանուր առմամբ, 13 կազմակերպությունների նիստերին մասնակցությունը ապահովել ենք»:

Հանրապետական պատգամավոր Վահրամ Մկրտչյանը հարցրեց, թե ինչ երաշխիքներ կան, որ բոնուսային տեղերի հաշվին գալիք խորհրդարանը գործողից շատ պատգամավորներ չի ունանա, ինչը կրճատելու փոխարեն էականորեն կմեծացնի ԱԺ ծախսերը․ - «Ֆինանսների նախարարության հետ այդ մասով ինչ-որ փոխպայմանավորվածություն ունեք, որ կտա՞ հետո»:

Թովմասյանը պատասխանեց․ - «Եթե մենք ունենանք 150-160 պատգամավոր, բնական ա, որ մայիսից հետո իրենք վճարվելու են․․․․ Այդ պայմանավորվածությունները շատ հստակ են»:

Թովմասյանը նաև հավելեց, խորհրդարանը հաջորդ տարի գումար կխնայի էլեկտրաէներգիայի ու գազի տնտեսման հաշվին:

Ծախսային կրճատումներից անմասն չի մնա նաև կառավարությունը: Աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ասաց, որ կառավարության 3-րդ շենքի օտարման ու ծառայողական մեքենաների կրճատման արդյունքում գործադիրի աշխատակազմը հաջորդ տարի կխնայի մոտ 176 միլիոն դրամ:

Հաջորդ տարի կառավարությունը մտադիր է պետական ծախսերը ընդհանուր առմամբ կրճատել մոտ 100 մլրդ դրամով:

Երեկ խորհրդարանում ներկայացնոլով 2017 թվականի բյուջեի նախագիծը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ կառավարությունը ծրագրում է 3.2 տոկոսանոց տնտեսական աճ, իսկ այդ ցուցանիշն ապահովելու համար, ըստ նրա, մեծ ջանքեր կպահանջվեն: Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթրը հանձնաժողովներում քննարկվելուց հետո նոյեմբերին քվեարկության կդրվի ԱԺ-ի արտահերթ նիստում:

XS
SM
MD
LG