Առայժմ խոսքը միայն միջխորհրդարանական կապերի զարգացման հավանականությանն է վերաբերում: ТАСС գործակալության փոխանցմամբ, այս մասին Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի` Պետդումայի ԱՊՀ երկրների, Եվրասիական ինտերգրման և հայրենակիցների հետ կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:
«ԱՊՀ պետությունների հետ հարաբերություններով զբաղվող հանձնաժողովը պատրաստ է ամեն կերպ նպաստել Վրաստանի հետ համագործակցության վերականգնմանը թե՛ խորհրդարանական և թե՛ ընդհանուր ձևաչափերում: Միանշանակ է նաև, որ լսումներ կկազմակերպենք, կվերլուծենք ընտրությունների արդյունքները և հանդես կգանք միջխորհրդարանական համագործակցությունը վերականգնելու առաջարկով` ուղղված վրացական կողմին», - նշել է Կալաշնիկովը:
Պետդումայի բարձրաստիճան ներկայացուցիչը, ի դեպ, չի էլ թաքցնում, որ Թբիլիսիի հետ հարաբերությունների բարելավման հույսերը ծագեցին այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ նախկին նախագահ Սաակաշվիլիի կողմնակիցները ընտրություններում ծանր պարտություն են կրեց, իսկ իշխող «Վրացական երազանքը» նոր գումարման խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ստացավ:
«Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի` իշխանությունը վերադարձնելու հույսերը հօդս ցնդեցին: Բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները մեխանիկորեն վերականգնվելու են: Դեռ հայտնի չէ, թե արդյոք «Վրացական երազանքը» հակված կլինի Ռուսաստանի հետ հարաբերությունները վերադարձնել նախկին բարիդրացիական և բարեկամական մակարդակին: Ամեն դեպքում կոնսուլտացիաները շարունակվում են», - նշել է Կալաշնիկովը` հատուկ ընդգծելով, որ սահմանադրական մեծամասնության ձևավորելով՝ «Վրացական երազանքը» Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման քարտ բլանշ է ստացել:
Թբիլիսիում, սակայն, ռուսաստանցի խորհրդարանականի հայտարարություններից առանձնապես ոգևորված չեն: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նորընտիր պատգամավորներից մեկը` Զաքարիա Կուցնաշվիլին, այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում փաստորեն բացառել է Մոսկվայի հետ հարաբերությունների վերականգնման հնարավորությւոնը` նշելով, թե ընտրությունների արդյունքները և Մոսկվայի հետ հարաբերությունները «բացարձակապես տարբեր խնդիրներ են»․ - «Ո՛չ Կալաշնիկովը, ո՛չ էլ որևէ այլ գործիչ ի վիճակի չէ փոխել Վրաստանի կատարած պատմական ընտրությունը: Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը բացառվում է՝ քանի դեռ գոյություն ունեն Վրաստանի տարածքների օկուպացիայի արդյունքում ի հայտ եկած խոչընդոտները»:
Մոսկվայից հնչող հայտարարությունների և Թբիլիսիից դրանց հակադարձումների ֆոնին պաշտոնական Վաշինգտոնը շնորհավորանքներ է հղում Վրաստանի քաղաքացիներին: Սպիտակ տան պաշտոնական կայքում երկուշաբթի երեկոյան զետեղված հայտարարության մեջ ԱՄՆ-ի Անվտանգության ազգային խորհրդի խոսնակ Նեդ Փրայսը նշում է․ - «Միացյալ Նահանգները շնորհավորում են Վրաստանի ժողովրդին խորհրդարանական ընտրությունների հաջող ավարտի առթիվ, ինչը ևս մեկ անգամ վկայեց, որ Վրաստանը ժողովրդավարական բարեփոխումների ասպարեզում տարածաշրջանային առաջատարն է: Դրա հետ մեկտեղ ընտրությունների ընթացքում արձանագրված ահաբեկման և բռնության առանձին միջադեպերի առկայությունը մեզ մտահոգում է: Կոչ ենք անում պատասխանատվության ենթարկել դրանց մեղավորներին, ինչպես նաև համապարփակ և հավասարակշռված հետաքննություն անցկացնել, որը կհամապատասխանի օրենքի պահանջներին»: