Մատչելիության հղումներ

Ախալքալաքում նախընտրում են Ռուսաստանի քաղաքացիություն


Տեսարան Ախալքալաքից
Տեսարան Ախալքալաքից

Վրաստանի հայաբնակ Ախալքալաք քաղաքի բնակիչները նախընտրում են Ռուսաստանի քաղաքացիություն։

Ախալքալաքցիները կանգնել են դժվարին երկընտրանքի առջև՝ հայրենիքում աշխատանք չկա, բացի այդ, չեն տիրապետում վրացերենին՝ պետական լեզվին։ Այդպիսով, իրենց չգտնելով Վրաստանում, Ախալքալաքի հազարավոր բնակիչներ մեկնում են արտագնա աշխատանքի հյուսիսային հարևան երկիր՝ Ռուսաստան, որտեղ ստանում են ռուսական քաղաքացիություն, ինչը նշանակում է զրկվել վրացական անձնագրից։

Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Վրաստանը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը, ինչի արդյունքում Հայաստանի կամ Ռուսաստանի անձնագրերով արտագնա աշխատանքի մեկնող հազարավոր ջավախահայեր անմիջապես զրկվում են Վրաստանի քաղաքացիությունից։

«Այստեղ աշխատանք ու հեռանկար չկա։ Եթե անգամ ամուսնացած տղամարդն իր երկու երեխաների հետ մնա տանը, ապա ինչպե՞ս է ընտանիքին կերակրելու, ինչո՞վ են ապրելու», - «Ազատության» Current Time հեռուստանախագծի հետ զրույցում ասում է Ախալքալաքի բնակիչ Մովսես Ստեփանյանը, ում որդին նույնպես Չելյաբինսկում է՝ արտագնա աշխատանքի։

Թոշակառու Վլադիմիր Կորեպյանը պատմում է, որ շրջանից աշխատունակ բնակչության արտահոսք կա, գրեթե յուրաքանչուր գյուղից, միևնույն ժամանակ ավելացնում է, որ խնդիրն ավելի քան 60 հազար բնակչություն ունեցող Ախալքալաքում նոր չէ։ «Խորհրդային Միության ժամանակ էլ այստեղ աշխատանք չկար։ Միշտ էլ դժվար էր», - ասում է Կորեպյանը։

Ախալքալաքի մեկ այլ բնակիչ՝ Հարություն Քերոբյանը Մոսկվա է տեղափոխվել դեռևս 90-ականներին, այժմ հայրենի քաղաք է գալիս որպես հյուր՝ տարին մեկ-երկու անգամ։ Նա պատմում է, որ Ռուսաստան գնալուն պես իր հայրենակիցներն առաջին հերթին ձգտում են այնտեղ քաղաքացիություն ստանալ։ «Առանց քաղաքացիության հնարավոր չէր Ռուսաստան գնալ և հեշտությամբ աշխատանք գտնել», - պատմում է Քերոբյանը։

Երկքաղաքացիության արգելքի պատճառով ախալքալաքցի աշխատանքային միգրանտները սեփական տանը 90 օր մնալու համար ստիպված են կեցության իրավունք ձեռք բերել։

Current Time-ը փորձել է պարզել՝ արդյոք Վրաստանում կա՞ քաղաքացիությունից հրաժարված անձանց որևէ պաշտոնական վիճակագրություն, ինչը կարտացոլի ընդհանուր պատկերը, սակայն պաշտոնական մարմինները հրաժարվել են մեկնաբանություն տալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG