Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի և ՌԴ-ի հարաբերությունները նվազագույն մակարդակի են իջել


ԱՄՆ-ի նախագահության թեկնածուներ Հիլարի Քլինթոն և Դոնալդ Թրամփ
ԱՄՆ-ի նախագահության թեկնածուներ Հիլարի Քլինթոն և Դոնալդ Թրամփ

2013 թվականի հունվարին Միացյալ Նահանգների պետական քարտուղարի պաշտոնն ազատելու և Բարաք Օբամայի վարչակազմին հրաժեշտ օրերին Հիլարի Քլինթոնը նախագահի հետ զրուցել է Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին, նկատել տալով, որ հեռանկարը բնավ վարդագույն չէ:

«Ոչինչ չթաքցնելով, ես հայտնեցի իմ տեսակետը, նշելով, որ նախքան Ամերիկայի և Ռուսաստանի հարաբերություններում հնարավոր բարելավումը դեռ անպայման կլինի վատթարացում», - ասել է Քլինթոնը:

Այդ դրվագը տեղ է գտել նախկին պետքարտուղարի հեղինակած «Դժվար ընտրություններ» վերնագրով հուշերի գրքում:

«Ազատություն» ռադիոկայանի փորձագետ Մայքլ Էքելը նշում է, որ Քլինթոնի կանխատեսումն իրականացել է՝ ռուս - ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամ է, և հայտնի չէ, թե երբ բարելավում կլինի: Ընդ որում, հենց Քլինթոնն առաջիկայում կարող է ստանձնել նախագահի պաշտոնն ու տեղափոխվել Սպիտակ տուն:

Մինչդեռ, նույնիսկ եթե հաղթի Դոնալդ Թրամփը, Ռուսաստանի և Ամերիկայի հարաբերություններում արդեն տեղի է ունեցել արմատական բացասական փոփոխությունը: Ինչպես և «սառը պատերազմի» տարիներին, Ռուսաստանը վերստին կենտրոնական տեղ է գրավել Վաշինգտոնի արտաքին քաղաքականության օրակարգում:

«Մեր հարաբերությունները նվազագույն մակարդակի են իջել», - ասել է Ռուսաստանի հարցերով փորձագետ Թոմաս Գրեհեմը, ով 2000-ականներին Ջորջ Բուշի նախագահության օրոք աշխատել է Ազգային անվտանգության խորհրդում:

Մոսկվայի հետ հարաբերություններում 2009 թվականի մարտին reset՝ վերաբեռնավորում նախաձեռնելու փորձը հաջող չէր: Ի դեպ, այն ժամանակ տեղի էր ունեցել շատ հետաքրքիր վրիպակ՝ հարաբերությունները նոր կետից սկսելու խորհրդանշական կոճակով տուփի վրա reset-ը լատինատառ գրել էին peregruzka՝ գերբեռնվածություն:

Դրանից ամիսներ առաջ Ռուսաստանը Վրաստանի հետ կարճատև պատերազմում գրավել է Աբխազիան և Հարավային Օսիան: 2014-ին բռնակցել է Ղրիմը, ապա միջամտել է Սիրիայի պատերազմին և ամեն կերպ սատարում է Բաշար ալ-Ասադին:

«Ե՛վ հանրապետականները, և՛ դեմոկրատները գիտակցում են, որ մենք Ռուսաստանի հետ լուրջ խնդիր ունենք, հիմա ավելի ծանր վիճակ է, քան անցյալում, ընդ որում՝ չեմ տեսնում մեկին, ով նոր վարչակազմում կառաջարկեր ռուսների հետ կառուցողական կապեր հաստատել», - ասել է փորձագետ Գրեհեմը:

Դոնալդ Թրամփը մի քանի անգամ կրկնել է, որ ընտրվելու դեպքում ամեն ինչ կանի Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար, մինչդեռ Հիլարի Քլինթոնն առավել կոշտ է տրամադրված, նրա խորհրդականներից շատերն են հայտարարել, որ պետք է հակազդել ռուսների գործողություններին Ուկրաինայում, Սիրիայում և այլ շրջաններում:

Այդ առավել մարտական դիրքորոշմամբ խորհրդականների թվում են Ռուսաստանում Ամերիկայի նախկին դեսպան Մայքլ ՄըքՖոլը, Սպիտակ տան և Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա Ֆիլ Գորդոնը, Պենտագոնի նախկին պաշտոնյա, փոխնախագահ Ջո Բայդենի նախկին խորհրդական Ջուլի Սմիթը և պաշտոնաթող ծովակալ, 2009-13 թվականներին Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի գլխավոր հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը:

«Այսպես այլևս հնարավոր չէ շարունակել, մենք բոլորս ուզում էինք, որ Պուտինն ընտրի երկիրն արդիականացնելու ուղին և շարժվի դեպի Արևմուտք, այլ ոչ թե խորասուզվի պատմական անցյալ, իրեն պահի ցարի պես, ահաբեկի հարևաններին և պնդի, թե Ռուսաստանի շահերը Սիրիայում են կամ էլի ինչ-որ տեղ», - հայտարարել է Քլինթոնը:

«Ազատության» վերլուծաբան Մայքլ Էքելի համոզմամբ, հանրապետականների շարքերում էլ խորանում է համոզվածությունը, որ պետք է պատասխանել Ռուսաստանի քայլերին:

«Ակնհայտ է դառնում, որ ռուսները շարունակելու են իրենց ագրեսիվ գործողություններն Ուկրաինայում, Սիրիայում, Բալթյան և Սևծովյան տարածաշրջաններում»,- ասել է Գրեհեմը:

Պուտինի անձնական հակակրանքը Քլինթոնի նկատմամբ նկատելի է դարձել 2012 թվականին, երբ նա երրորդ անգամ ընտրվել է նախագահ, վերադարձել է Կրեմլ և հանրային ելույթներից մեկում պնդել, թե Արևմուտքի, մասնավորապես՝ Ամերիկայի սադրանքով են ընդդիմադիրները 2011 թվականի բողոքի ցույցեր անցկացրել ու պահանջել վերանայել խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Պուտինը հավանաբար չի ներել Քլինթոնին, ով հայտարարել էր, թե Դումայի ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել զանգվածային խախտումներ:

Հարցումների արդյունքները վկայում են, որ նոյեմբերի 8-ի ընտրություններում Քլինթոնի հաղթանակի հավանականությունն ավելի մեծ է, դա գիտեն նաև Ռուսաստանում, որտեղ պետական մամուլը կա՛մ հեգնանքով, կա՛մ բացահայտ թշնամանքով է ներկայացնում Քլինթոնին և միաժամանակ եթե ոչ դրական, ապա առնվազն զուսպ ու պարկեշտ է լուսաբանում Թրամփի արշավը:

Մոսկվայում գիտեն, որ Քլինթոնը կարող է հաղթել, հենց դրանից ելնելով էլ ռուսաստանցի որոշ մեկնաբաններ առաջարկում են որդեգրել ավելի գործնական մոտեցում, նրանք հույս են հայտնում, որ ընտրություններից հետո վիճակը կհանդարտվի:

«Պետք է սպասել մինչև այս ընտրությունների ավարտը, համբերատար լինենք, քիչ ժամանակ է մնացել», - ասել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Սերգեյ Իվանովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG