Մատչելիության հղումներ

Բրիտանացի ֆուտբոլասերներին և մասնագետներին շարունակում է մտահոգել Մխիթարյանին «Մանչեսթր Յունայթեդ» -ի հիմնական կազմում չընդգրկելու՝ մարզիչ Ժոզե Մոուրինիոյի «խիստ տարօրինակ» որոշումը:

Շուրջ երեք ամիս առաջ «Մանչեսթր Յունայթեդ» ակումբ տեղափոխված, սակայն, մինչ օրս այդ թիմի կազմում ընդամենը 5 անգամ խաղադաշտ դուրս եկած Հենրիխ Մխիթարյանը վստահ է՝ իր լավ օրերը դեռ առջևում են: Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթր»-ի կիսապաշտպանը նախօրեին խախտել է լռությունը՝ սոցիալական ցանցում այսպիսի գրառում թողնելով՝ «Մեզ համար էլ լավ ժամանակներ կգան: Մենք առաջ ենք շարժվում: Մեկը բոլորի, բոլորը` մեկի համար»:

Մխիթարյանի լավատեսությունը, սակայն, ոչ բոլորն են կիսում: Բրիտանական թերթերն ու մարզական կայքերը շարունակում են ակտիվորեն քննարկել նրան պահեստայինների նստարանին պահելու՝ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի որոշումը: «Դեյլի մեյլ»-ը հետևել է 27-ամյա ֆուտբոլիստին և լուսանկարներ հրապարակել՝ մակագրելով. «Բերնլի»-ի հետ հանդիպումն էլ բաց թողնելուց հետո՝ երեկ Մխիթարյանը մեն մենակ մարզվել է «Մանչեսթր»-ի մարզաբազայում, ապա հեռացել իր սպիտակ Լամբորջինիով:

«Միկին Եվրոպայի ամենաբարձր գնահատվող կիսապաշտպաններից մեկն է, որը Գերմանիայում ճանաչվել էր տարվա լավագույն խաղացող՝ Դորտմունդի կազմում դառնալով 23 գոլի հեղինակ»,- շարունակում է պարբերականը՝ հավելելով․ «համացանցում շարունակում է թափ ստանալ «Ազատություն Մխիթարյանին հեշթեգը»՝ էլ ավելի խտացնելով այս պատմության գույները»:

«Ինդեփենդենթն» էլ հաշվել է՝ հուլիսին կարմիրների ակումբ տեղափոխված և մեծ հեռանկար ունեցող ֆուտբոլիստը մինչ օրս ընդամենը 104 րոպե է անցկացրել խաղադաշտում՝ վերջին անգամ սեպտեմբերի 10-ին մասնակցելով «Մանչեսթր Սիթի»-ի հետ խաղին: Թեև Մխիթարյանը հրապարակավ չի դժգոհում և սատարում է «Մանչեսթր»-ին, ներքին աղբյուրները պնդում են, որ նա ամենևին էլ գոհ չէ այս իրավիճակից,- գրում է Sportsrageous կայքը՝ մանրամասնելով՝ անցած խաղաշրջանում Բունդեսլիգայում առկայծելուց հետո Մխիթարյանն անակնկալի է եկել իր նկատմամբ Մոուրինիոյի վերաբերմունքից:

Որպես ասվածի վկայություն՝ Բրիտանական պարբերականները մեջբերում են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի վերջին հայտարարությունն այն մասին, թե Մխիթարյանի համար առայժմ անհասկանալի է նոր մարզչի ռազմավարությունը: Ինքը՝ Մուորինիոն, անցած շաբաթավերջին տված ասուլիսում պնդել էր, թե շարունակում է հավատալ Մխիթարյանի կարողություններին, սակայն, «նրան ժամանակ է պետք՝ անգլիական ֆուտբոլին ընտենալանու և իր լավագույն որակները ցույց տալու համար»:

«Իրականությունը երբեմն տարբեր է հատկապես մրցակցության հարցում: Կապ չունի, թե ում հետ ես ուժերդ չափում, պետք է խաղաս հնարավոր լավագույն մակարդակով, և այս առումով Միկիին ժամանակ է պետք, որ նա դառնա առաջատար: Ես չեմ սիրում խոսել այլ ակումբների մասին, սակայն, Վիլիանը, օրինակ, խնդիրներ ունեցավ սկզբում, երբ Բրազիլիայից «Չելսի» տեղափոխվեց: Հետո որոշ ճանապարհ անցավ և մի քանի ամիս անց արդեն դարձավ առաջատար: Ոմանց մոտ այս անցումը հեշտ է ստացվում, ոմանց համար ավելի շատ ժամանակ է պահանջվում: Միկիի դեպքում վնասվածքը խանգարեց աճին: Սակայն, մենք հավատում ենք նրան, և ուշ կամ շուտ որևէ խնդիր չի լինի», - հավատացրել էր Մոուրինյոն:

Երկրպագուներն ու գործընկերները, մինչդեռ, վստահ են՝ Պրեմիեր լիգայի տասը խաղերից հետո 8-րդ հորիզոնականը զբաղեցնող «Մանչեսթր»-ը առաջատարների շարքում այդպես էլ չի հայտնվի, քանի դեռ Մոուրինիոն պահեստայինների աթոռին է պահում Մխիթարյանին: «Եթե գլխավոր մարզիչը խաղի մեջ մտցնի իր լավագույն խաղացողներին, «Մանչեսթր»-ը կարող է հաղթել Պրեմիեր լիգայում»,- ասել է ակումբի նախկին կիսապաշտպան Օուեն Հարգրիվսը:

«Այսօր բոլորը «Մանչեսթր»-ի կազմից են խոսում, կարծում եմ՝ Մոուրինիոն հիանալի կտորներ ունի՝ ընդհանուր լավ պատկեր ստանալու համար, եթե օգտագործի իր լավագույն խաղացողներին: Սակայն, ես չեմ հասկանում՝ ինչպես կարող է Մխիթարյանը չհայտնվել թիմի 11 խաղացողների շարքում և անգամ 18-ի մեջ էլ չընդգրկվել:

Իմ կարծիքով, սա շատ տարօրինակ է, քանի որ այդ տղան իսկապես համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է: Նա անցյալ տարի Գերմանիայում լավագույնն էր, ոմանք ասում են՝ դա Անգլիայի առաջնությունը չէ, տարբեր մակարդակներ են, բայց դուք գիտե՞ք՝ ինչ աստղեր են խաղում Բունդեսլիգայում, Բավարիայում, Դորտմունդում: Եվ, կարծում եմ, Մխիթարյանն է այն խաղացողը, որին Մուորինիոն պետք է հիմա ընտրի հաջողության հասնելու համար»,-ասել է Հարգրիվսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG