Մատչելիության հղումներ

Թուրքիայում ընդդիմադիր ԶԼՄ-ների դեմ ուղղված քայլերը սաստկացել են


Հուլիսյան իրադարձություններից հետո այս երկրում 107 լրագրող է բանտարկվել, 775 լրագրող զրկվել է հավատարմագրից, 49-ը` անձնագրից, 2500 լրագրող գործազուրկ է դարձել:

Այսօր առավոտյան ձերբակալվել են ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն և թերթի տասնյակ այլ աշխատակիցներ: Պարբերականի կայքէջի տարածած տեղեկության համաձայն` ընդհանուր առմամբ, 15 մարդ է ձերբակալվել, թերթի մի շարք թղթակիցների բնակարաններում խուզարկություններ են իրականացվել, հնարավոր են նոր ձերբակալություններ:

Որոշում կա նաև՝ ձերբակալել «Ջումհուրիյեթ» թերթի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին, որն այժմ գտնվում է արտերկրում: Ստամբուլի հանրապետական դատախազության պարզաբանմամբ, այս գործողություններն իրականացվել են «Գյուլենական կառույցի և Քուրդիստանի բանվորական կուսակցությանն անդամակցելու և հանուն խմբավորման հանցանք գործելու» մեղադրանքի շրջանակներում:

Մինչդեռ, թերթի խմբագրակազմն այդ մեղադրանքներն անհիմն է համարում և հարց բարձրացնում` ինչպե՞ս կարող է «Ջումհուրիյեթ» թերթը մեղադրվել գյուլենական կառույցին աջակցելու մեջ այն դեպքում, երբ տարիներ շարունակ հենց այդ թերթի աշխատակիցները պարբերաբար հարցաքննվել են հակագյուլենական հրապարակումների համար: «Սա ծիծաղելի է: Ուզում եմ ասել, որ այս ճնշումներով ոչ ոքի չեք կարող վախեցնել: Խղճի ազատություն ունեցող մարդիկ սա չեն ընդունի, աշխարհին չեք կարող բացատրել: Այսօր ես ձերբակալվում եմ բացառապես ծաղրանկար հեղինակելու պատճառով»,- լրագրողներին ասել է թերթի ծաղրանկարիչ Մուսա Քարթը:

«Ջումհուրիյեթ» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը, որն անցած տարի լրտեսության և հակապետական գործունեության մեղադրանքով վեց տարվա ազատազրկման էր դատապարտվել, ապա՝ ազատ արձակվել, «Թվիթեր»-ի իր էջում գործընկերների ձերբակալությունը որակել է որպես «հարձակում վերջին ամրոցի վրա»: Ստեղծված իրավիճակին այսօր անդրադարձել է նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը՝ իրավիճակը բնութագրելով «խիստ մտահոգիչ»:

«Ջումհուրիյեթ»-ի նկատմամբ իրականացվող գործողությունների վերաբերյալ սուր քննադատություն է հնչեցրել նաև համանուն կուսակցությունը: Ընդդմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն էլ հայտարարել է միասին պայքարելու պատրաստակամության մասին: Լրագրողների ձերբակալության լուրի տարածումից հետո հարյուրավոր մարդիկ, որոնց թվում՝ պատգամավորներ, լրագրողներ, հասարակական գործիչներ, հավաքվել են «Ջումհուրիյեթ» թերթի Ստամբուլում գտնվող խմբագրատան առաջ և «ազատ մամուլը չի կարող լռեցվել» վանկարկումներով աջակցություն հայտնել պարբերականի խմբագրակազմին:

Նրանց թվում է եղել նաև Ժողովրդա-հանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանը, ով ասել է՝ իրենք հավաքվել են պաշտպանելու իրավունքի գերակայությունը: «Ջումհուրիյեթ»-ի խմբագրակազմին սատարելու եկած հայազգի մյուս պատգամավոր՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» ներկայացնող Գարո Փայլանը ազատ մամուլը լռեցնելու փորձերը նմանեցրել է 1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջմանը հաջորդած իրադարձություններին: Փայլանի հետ համակարծիք է հայկական «Ակօս» պարբերականի գլխավոր խմբագիր Եթվարթ Դանզիկյանը: Վերջինիս խոսքով` «ընդդիմադիր մամուլը բացահայտ կերպով լռեցվում է»:

Թուրքիայում այս տարվա հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության պայմաններում իշխանությունները մեկը մյուսի հետևից փակում են ընդդիմադիր լրատվամիջոցները: Թուրքական «Բիանեթ» անկախ հաղորդակցության ցանցի հրապարակած զեկույցի համաձայն` հուլիսյան իրադարձություններից հետո երկրում 107 լրագրող է բանտարկվել, 775 լրագրող զրկվել հավատարմագրից, 49-ը` անձնագրից, 2500 լրագրող մնացել են առանց աշխատանքի: Հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում Թուրքիայում 173 լրատվամիջոց է փակվել, տասնյակ ԶԼՄ-ներ ենթարկվել են գրաքննության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG