Մատչելիության հղումներ

Գագիկ Եգանյան․ Հայ միգրանտների շուրջ 96 տոկոսը մեկնում է Ռուսաստան


Աշխատանքային միգրանտները՝ մոսկովյան կառույցներից մեկում, արխիվ

Հայ փորձագետների գնահատմամբ, դեպի ՌԴ հայաստանցիների հոսքը չի նվազել, սակայն, չի էլ աճել, կապված՝ այդ երկրում շարունակվող տնտեսական ճգնաժամի հետ:

2016 թվականին Ռուսաստան մուտքի արգելքը վերանայելու խնդրանքով 1305 Հայաստանի քաղաքացի է դիմել ՀՀ միգրացիոն ծառայություն։ Նրանց դիմումներն ուղարկվել են Ռուսաստանի համապատասխան կառույցներ, սակայն, 1305-ից միայն 311-ի դիմումին է դրական պատասխան տրվել։ Ուշագրավ է, որ 2015- ին նման դիմումների թիվը կազմել է 7843:

Մոտ երկու տարի առաջ Հայաստանի շուրջ 60 հազար քաղաքացիներ զրկվեցին Ռուսաստան մուտք գործելու իրավունքից: Ընդ որում, ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացման հետևանքով՝ այդ արգելքը սահմանվել է 10 տարի ժամկետով։ Հայաստանի միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանի խոսքով, այսօր «իսկապես նվազել է» Ռուսաստան մուտքի արգելքի վերանայման դիմումների թիվը: Եվ ոչ միայն այն պատճառով, որ 2015-ի հունվարից Հայաստանը դարձել է ԵՏՄ անդամ, ինչը ենթադրում է Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների՝ անարգել աշխատելու հնարավորություն:

«Ազատության» հետ զրույցում Գագիկ Եգանյանը կարծիք հայտնեց, որ այդ խնդիրը որոշ չափով կարգավորվել է՝ նաև ՀՀ միգրացիոն ծառայության աշխատանքի շնորհիվ: «Երբ 2014 թվականին սկսվեց այդ գործընթացը, բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ հայտնվեցին անցանկալի անձանց ցուցակում: Նախ՝ մենք էս ընթացքում մեծաքանակ անձանց հարց կարողացանք լուծել, երկրորդ՝ 2015 և հատկապես 2016 թվականներին Հայաստանի քաղաքացիների նկատմամբ վերբերմունքն ավելի մեղմ էր»,- ասաց Գագիկ Եգանյանը:

Ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը, մինչդեռ, չի վստահում պաշտոնական տվյալներին: «Սկզբնական շրջանում խոսքը բավական մեծ թվերի մասին էր»,- վերհիշում է նա: Ի դեպ՝ Ռուսաստանի համապատասխան գերատեսչություններում վերջերս որոշ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել․ լուծարվել է այդ երկրի միգրացիոն դաշնային ծառայությունը, միգրանտների հարցով ներկայումս զբաղվում է ՌԴ ներքին գործերի նախարարությունը: Փորձագետ Ռուբեն Եգանյանի կարծիքով՝ միգրացիոն հոսքն այժմ փոքր-ինչ նվազել է, ինչը պայմանավորված է Ռուսաստանում առկա բացասական տնտեսական գործընթացներով:

Հայաստանի միգրացիոն ծառայության կայքում տեղադրված վիճակագրական տվյալների համաձայն, միայն 2015-ին Ռուսաստան է մեկնել 365 100 ՀՀ քաղաքացի, վերադարձել՝ 243 600-ը։ Միևնույն ժամանակ, միգրացիոն ծառայության ղեկավարի հիշեցմամբ, ՀՀ քաղաքացիների «մի ստվար զանգված» ունի նաև ՌԴ քաղաքացիություն: Գագիկ Եգանյանի գնահատմամբ, նրանց թիվը կարող է հասնել մինչև 450 հազարի: Եվ այդ անձանց մի զգալի մասն էլ, նրա խոսքով, տարբեր պատճառներով, Ռուսաստանից դուրս գալիս օգտագործել է ՌԴ անձնագիրը, ինչն անդրադարձել է պաշտոնական ցուցանիշների ճշգրտության վրա:

Ոլորտի հայաստանցի փորձագետների կարծիքով, այս առումով իրավիճակն արդեն երկու տարի է, նույնն է՝ հոսքը դեպի Ռուսաստան չի նվազել, կամ շատ քիչ է նվազել, բայց և չի էլ ավելացել, ինչը կարելի է բացատրել Ռուսաստանի տնտեսության ճգնաժամով։ Այդուհանդերձ, միգրացիոն ծառայության տվյալներով, այսօր հայաստանցի միգրանտների շուրջ 95-96 տոկոսը շարունակում է մեկնել հենց Ռուսաստան, և առաջիկայում այս իրավիճակը դժվար թե փոխվի։

ՀՀ միգրացիոն ծառայության տվյալներով, Ռուսաստան սեզոնային աշխատանքների ամենաշատ մեկնում են Հայաստանի Շիրակի մարզից, ամենաքիչը՝ Սյունիքից։ Թեև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո զգալիորեն դյուրացել է հայաստանցիների մուտքը Ռուսաստան և այնտեղ աշխատելու հնարավորությունը, դեռևս կան մի շարք բարդություններ, կապված, մասնավորապես, հայտարարագրերի լրացման անհստակ պահանջների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG