Մատչելիության հղումներ

Մեկուկես տարվա ընդմիջումից հետո սկսել է լույս տեսնել «Գարուն» ամսագիրը


«Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր Աշոտ Գաբրիելյանը:

Հիսուն տարի առաջ՝ 1967-ի գարնանը Վարդգես Պետրոսյանի հիմնադրած «Գարուն» ամսագիրը գրական մտածողության ու համարձակ ասելիքի իրոք թարմ շունչ բերեց ոչ միայն գրական միջավայրում, այլև ողջ հասարակության շրջանում: Մարդիկ բաժանորդագրվում էին, կրպակներից անմիջապես գնում և անհամբեր սպասում էին ամսագրի հերթական համարներին:

Տարիների ընթացքում Վարդես Պետրոսյանին հաջորդեցին Անժիկ Հակոբյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Լևոն Անանյանն ու Վարուժան Այվազյանը: 5 խմբագիրներից յուրաքանչյուրն ամսագիրը գլխավորեց շուրջ 10 տարի:

Երբ անցյալ տարի, Վարուժան Այվազյանի մահվանից հետո «Գարունը» դադարեց լույս տեսնել, շատերը համոզված էին, որ այն այլև չի հրատարակվի, բայց ահա Մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ մի խումբ մտավորականներ նախաձեռնել են «Գարունի» վերաթողարկումը․ երիտաարդ սերնդի մի խումբ գրողներ և գրականագետներ համախմբվում են ու ստեղծում խմբագրական խորհուրդ:

Ամսագրի գլխավոր խմբագիր է ընտրվում բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը:

««Գարունը» մեծ ավանդույթներ ունեցող ամսագիր է, և այս առումով, կարծում եմ, դժվար է այդ պատասխանատվությունը վերցնել և այդ ավանդույթները փորձել շարունակել: Բայց պետք է նաև հաշվի առնել, որ մենք ապրում ենք նոր ժամանակներում․․․ ցանկացած ժամանակ պարտադրում է իր տրամաբանությունը: Մենք փոձելու ենք և՛ ավանդույթները պահպանել «Գարուն» ամսագրի, և՛ մատուցել նոր ամսագիր, որը կլինի համապատասխան ժամանակակից մարտահրավերներին», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գաբրիելյանը:

Նա ասաց նաև, որ իրենց նպատակն է ամսագրի էջերում ներկայացնել Հայաստանում և սփյուռքում ընթացող ողջ գրական պրոցեսը, գրական բանավեճեր կազմակերպել, երկխոսության բաց հարթակ հանդիսանալ հատկապես երիտասարդ սերնդի գրողների ու գրականագետների համար․ - «Միայն առաջին համարի համար մոտավորապես երեք տանյակ ու կես բանաստեղծական շարքեր են ուղարկվել «Գարուն» ամսագրին: Ոգևորությունը գրողների շրջանում շատ մեծ է, ու նյութերի այնքան առատություն կա, որ միայն դրանք կարդալ հասցնելը արդեն մեծ հերոսություն էր»:

Ամսագրի խմբագրական խորհրդի անդամ Արամ Անանյանը հավելեց․ - «Առաջին համարը, որի ազդօրինակը հիմա մեր սեղանին է, վկայությունն է նրա, որ «Գարուն»-ը պիտի նոր գարուններ բերի, որովհետև երիտասարդ անուններ են հիմնականում: Թարմ, հետաքրքիր մոտեցումներով ամսագիր է ձևավորվել»:

Մինչև տարեվերջ լույս կտեսնի «Գարուն»-ի առնվազն 4 համար, իսկ արդեն հաջորդ տարեսկզբից ամսագիրը կհրատարակվի յուրաքանչյուր ամիս և կվաճառվի կրպակներում:

50-ամյա «Գարուն» ամսագրի այս տարվա առաջին համարը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյա հոբելյանին:

«Անկախության սերնդի գրողներն են, անկախության սերնդի գրականության վերաբերյալ տեսակետներն են: Մյուս համարներին կփորձենք ավելի շեշտը դնել հրապարակախոսության վրա, որովհետև, կարծում ենք, այդ խնդիրը կա մեզանով, որպեսզի հրապարակախոսության վերածնունդ լինի, այդ հարթակները քիչ են մնացել», - նշեց Արամ Անանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG