Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տեղեկացնում է, որ 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ քաղաքացիներ Գոռ Խաչատրյանը և Գարեգին Հովսեփյանը խոչընդոտել են News.am կայքի լրագրող Խորեն Գրիգորյանի մասնագիտական օրինական գործունեությանը:
«Կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գոռ Խաչատրյանը և Գարեգին Հովսեփյանը 2016 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Սարի թաղում գտնվելու ժամանակ նկատել են, որ իրենց տեսանկարահանում է լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող News.am կայքի լրագրող Խ. Գրիգորյանը: Իրենց վերաբերյալ հետագայում տեսանյութեր տարածվելուց խուսափելու նպատակով որոշել են լրագրողից խլել տեսախցիկն ու ոչնչացնել դրանում առկա տեսանյութերը: Խաչատրյանը մոտեցել է լրագրողին, փորձել խլել տեսախցիկը, որի ընթացքում քաշելով կոտրել է դրա բացված էկրանն ու դիմել փախուստի: Անմիջապես Գարեգին Հովսեփյանն է մոտեցել լրագրողին, ու քաշելով նրա ձեռքից խլել է Sony HDR-CX620 մոդելի թվային տեսախցիկն ու նույնպես դիմել փախուստի: Որոշ տարածություն հեռանալուց հետո Գոռ Խաչատրյանը տեսախցիկը վերցրել է Գարեգին Հովսեփյանից ու դրանում առկա իրենց վերաբերյալ տեսանյութերը ոչնչացնելու նպատակով հարվածել է գետնին, կոտրել այն՝ News.am կայքին պատճառելով զգալի չափի գույքային վնաս», - ասված է հաղորդագրությունում:
Ծառայությունը նշում է, որ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և ուրիշի զգալի չափերի գույքը ոչնչացնելու համար Գոռ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) և 185-րդ հոդվածի 1-ին մասով (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել) իսկ Գարեգին Հովսեփյանին՝ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը):
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործից ևս մեկ անջատված մասի՝ News.am կայքի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտած և վերջինիս մասնագիտական գործիքի՝ տեսախցիկի, վնասմանը մասնակցած անձանց վերաբերյալ գործի նախաքննությունը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
«Այսպիսով, 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար նախաքննության ներկա փուլում մեղադրանքներ են առաջադրվել 8 անձանց, որոնցից 7-ի՝ «Ազատություն» ռադիոկայանի, «Արմենիա» հեռուստաընկերության և News.am կայքի աշխատակիցների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտած անձանց վերաբերյալ քրեական գործից անջատված մասերի նախաքննությունն արդեն ավարտվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան», - փոխանցում է ՀՔԾ-ն՝ նշելով, որ դատարան ուղարկված քրեական գործերի և դրանցով անցնող անձանց մասին նախկինում պարբերաբար և լիարժեք տեղեկատվություն է տրամադրվել զանգվածային լրատվության միջոցներին: