Մատչելիության հղումներ

Ծառուկյան․ Պետք է խնդրեն, որ վերադառնամ


Գագիկ Ծառուկյանը զրուցում է լրագրողների հետ, 31-ը հոկտեմբերի, 2016 թ․

ԲՀԿ նախկին առաջնորդն այսօր լրագրողների հետ զրույցում որոշ պարզաբանումներ է ներկայացրել քաղաքականություն իր հնարավոր վերադարձի հեռանկարների շուրջ:

«Պետք է խնդրեն, որ Ծառուկյանն այդ ծանրության տակ մտնի»: «Բարգավաճ Հայաստան»-ի նախկին առաջնորդն այսօր այսպես արձագանքեց քաղաքականություն իր վերադարձի հնարավորության մասին լրագրողների հարցին՝ այդպես էլ չհստակեցնելով, սակայն, թե կոնկրետ ում խնդրանքին է սպասում:

«Ամեն մեկը պետք է գիտակցելով, որպես հայ․․․ոչ թե անձնական շահի մասին մտածելով, այլ երկրի, ժողովրդի: Ոչ թե մուտիլովկեք անի, այլ ռեալ պետք է իր գործով զբաղվի: Ծառուկյանը կայացած մարդ ա, ունևոր մարդ ա, հարգարժան մարդ ա աշխարհով մեկ, քաղաքականությամբ չի ապրում, կարա ծանրության մեջ մտնի օգնելու, աջակցելու, որն ամեն օր անում է: Կարամ առանց քաղաքականության էլ դա անեմ, պետք է խնդրեն, որ Ծառուկյանն էդ ծանրության տակ մտնի․․․»,- հայտարարեց ԲՀԿ նախկին առաջնորդը:

Քաղաքականություն իր հնարավոր վերադարձի մասին հայտարարությունից օրեր անց, մեծահարուստ գործարարն այսօր հանդիպեց Սերժ Սարգսյանին՝ իր կառուցած մարզական համալիրի հանդիսավոր բացման արարողության ժամանակ: Երկրի նախագահն իր քաղաքական երբեմնի հակառակորդի հետ շրջեց կենտրոնում: Մինչ այդ, Ծառուկյանը հրաժարվեց պատասխանել հարցին՝ արդյո՞ք մտադիր է քաղաքականություն իր վերադարձի թեման քննարկել Սերժ Սարգսյանի հետ:

Ծառուկյանին պատկանող կենտրոնի բացմանը մասնակցած Սերժ Սարգսյանն անցած տարվա փետրվարյան աղմկահարույց ելույթում, հիշեցնենք, գնահատելով ԲՀԿ նախկին առաջնորդի տնտեսական գործունեությունը, մասնավորապես, հայտարարել էր՝ «տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը՝ չմուծված միլիարդավոր դրամի հարկերի մասին»:

Գագիկ Ծառուկյանն այսօր էլ պնդեց՝ նորից կմտնի քաղաքականություն, եթե դրա կարիքը լինի: «Անհրաժեշտությունը եթե եղավ․․ ես դա զգացի քաղաքական գործիչներից, զգացի դրա կարիքն իմ ժողովրդից, եթե պահանջարկը կա, ուրեմն ես էդ քայլը կանեմ: Եթե չէ՝ ես իմ համար աշխատում եմ, ապրում եմ, փայաբաժին եմ անում, ինձ շատ լավ եմ զգում, որ կարողանում եմ իմ երկրին, ժողովրդին պիտանի լինել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը:

Նա, ըստ էության, անպատասխան թողեց հարցը՝ արդյո՞ք որպես ընդդիմադիր է վերադառնալու քաղաքականություն, նախկինի պես իշխանափոխության կոչեր հնչեցնելու՞ է՝ «Ուրեմն ես ընդհանրապես եկել եմ, որ ոչ թե անձնական շահ, խնդիր ունեմ․․․ որ հարցը որ օգուտ կլինի երկրին, ժողովրդին, ես այնպես էլ անելու եմ: Ինձ ժողովուրդը տվել ա 500 հազար ձայն, բայց քանի որ իմ ուզածն իմ ժողովրդի համար չեմ կարողացել փոխել, ես հրաժարվել եմ, որովհետև միայն նախարար ստանալով ոչ մի բան չես կարող փոխել:

Հիմա իշխանափոխություն կլինի, ինչ կլինի, կարևորը՝ ժողովուրդը այսօր․․․մեղավորությունը ժողովրդինն ա, ժողովուրդը պարտավոր ա ձայնը տա նրան, ումից պահանջում ա: Եթե տալիս ես 20 տոկոս, 20 տոկոսով ո՞նց ա ժողովրդի նպատակն ու ցանկությունն իրականացնում: Այստեղ ոչ թե Ծառուկյան Գագիկն ա․․․Ծառուկյան Գագիկն ասեց՝ քաղաքականությունից դուրս եմ եկել, որ իմ ժողովրդից արյուն չթափվի: Կան որոշ մարդիկ, տարբեր մտահղացումներով են խոսում, որը արդարացի չի»,- շարունակեց ԲՀԿ նախկին ղեկավարը:

Այդուհանդերձ, Ծառուկյանի կուսակիցները վստահ են, որ վերադարձի դեպքում նա կմնա ընդդիմադիր դաշտում: Այսպիսի համոզմունք այսօր «Ազատության» հետ զրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը՝ պնդելով, թե Սերժ Սարգսյանի հետ անցած տարվա փետրվարին հայտնի առճակատումից հետո երկրում մթնոլորտ չի փոխվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG