Մատչելիության հղումներ

Էնֆիաջյան. «Մեր ներուժը կենտրոնացնելու ենք խորհրդարանում ներկայանալի մասնակցության համար»


«Մենք մեր ներուժն ամբողջությամբ կենտրոնացնելու ենք, որպեսզի ներկայանալի մասնակցություն ունենանք Ազգային ժողովում», - երեկ «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ ի պատասխան հարցին, որ եթե չհաղթեն խորհրդարանական առաջիկա ընտրություններում, արդյո՞ք մնալու են ընդդիմություն, համագործակցելու են ընդդիմադիր դաշտում ընդդիմադիր կուսակցությունների հետ։

«Որպես այդպիսին՝ քաղաքականության մեջ եթե-ների սկզբունքն ինքը լավ մշակույթ չէ և լավ տեղ չի տանում։ Մենք առհասարակ, որպես այդպիսին, ծրագրավորում ենք առաջիկա քայլերի գործողություններ և դրանից հետագա բխող շարունակական գործընթացներ, բայց, ըստ էության, բնականաբար, ամենակարևորագույն և առաջնային հարցը՝ առաջիկա քաղաքական փորձություններն են, որը որ խորհրդարանական ընտրություններ են, և սահմանադրական փոփոխություններից հետո քանի որ Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանի դերակատարումը բավականաչափ մեծացել է և խորհրդարանական հանրապետություն ենք մենք դարձել, մենք շատ ենք կարևորում այս քաղաքական գործընթացը և մեր ներուժն ամբողջությամբ կենտրոնացնելու ենք, որպեսզի ներկայանալի մասնակցություն ունենանք Ազգային ժողովում», - ասաց Էնֆիաջյանը։

ԲՀԿ խմբակցության քարտուղարի խոսքով, իրենք առաջիկայում կսպասեն ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջնական խոսքին՝ նա մուտք կգործի՞ ակտիվ քաղաքականություն, թե՞՝ ոչ, և ըստ այդմ, ըստ Էնֆիաջյանի, կուսակցության հետագա անելիքներն ավելի հստակ կլինեն։

«Իսկ համագործակցության հետ, ես կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալող կուսակցությունները շատ լավ շրջանակ ունեն, անկախ նրանից, թե ինչ գաղափարախոսություն ունեն, ինչ ծրագրերով են հանդես գալու, կամ ինչ թիմի անդամներով են հանդես գալու, այնուամենայնիվ, ընտրատեղամասերում ընտրական գործընթացի հետ կապված, վերահսկողական գործառույթների շուրջ համագործակցություն սահմանել՝ սա շատ կարևոր, ըստ իս, այս ժամանակահատվածի համար էլ արդիական մոտեցում կլինի», - ասաց Էնֆիաջյանը։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հոկտեմբերի 30-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG