Մատչելիության հղումներ

«Վանաձոր Քիմպրոմ»-ի և «Լոռի Ճանշին»-ի աշխատակիցները աշխատավարձի հույսը նախագահի հետ են կապում


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղավ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում, որի մոտակայքում նրան էին սպասում «Վանաձոր Քիմպրոմ» և «Լոռի Ճանշին» ընկերությունների մի խումբ աշխատակիցներ:

Ժամեր շարունակ սպասելուց հետո նրանք նախագահին ուղղված նամակ փոխանցեցին, որով խնդրում էին երկրի ղեկավարից լուծել իրենց չվճարված աշխատավարձի խնդիրը:

Քիմպրոմցիներն ընդամենը մի քանի շաբաթ առաջ էին կառավարության շենքի մոտ աշխատավարձի պահանջով բողոքի ակցիա արել և վարչապետին ուղղված նամակ էին հանձնել: Ասացին՝ որևէ տեղաշարժ մինչ օրս չի եղել: Հույսը նախագահ Սերժ Սարգսյանի հետ են կապում:

Նախագահ Սարգսյանը մարզային և տեղական իշխանությունների ուղեկցությամբ այցելեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, որի՝ շուրջ մեկ տարի տևած շինարարական աշխատանքներն ամիսներ առաջ ավարտվեցին: Մարզպետ Արթուր Նալբանդյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, կարևորեց տեխնոլոգիական կենտրոնի գործունեությունը հատկապես Վանաձորի տնտեսության զարգացման առումով: Նախատեսում են շուրջ 1000 աշխատատեղ ստեղծել:

«Բնականաբար, մենք տնտեսության զարգացման առումով շեշտը չենք դնում միայն տեխնոլոգիական կենտրոնների վրա, բայց համոզված եմ, որ Տեխնոլոգիական կենտրոնը իր հետ զարգացնելու է նաև մնացած ենթակառուցվածքները», - հայտարարեց Նալբանդյանը:

Մարզպետի խոսքով, նախատեսվում է Վանաձորում նաև «Թումո» կենտրոն ստեղծել, այս պահին բանակցություններ են ընթանում:

Սերժ Սարգսյանն այցելեց նաև Վանաձորի բժշկական կենտրոն, որի 2014 թվականից մեկնարկած շինարարությունը ամենայն հավանականությամբ 2017-ին կավարտվի: Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ մասնագետի խնդիր բժշկական կենտրոնը չի ունենա, բացի այդ այն կհագեցվի նոր սարքավորումներով:

«Մենք կապահովենք և՛ նոր մասնագետների ներհոսք մարզ, և՛ հին մասնագետների վերապատրաստում ըստ մատակարարվելիք տեխնիկայի», - նշեց նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG