Մատչելիության հղումներ

Թուրք նախարար․ Գյուլենի արտահանձման ձգձգումը լուրջ վնաս կարող է հասցնել թուրք-ամերիկյան հարաբերություններին


Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղ
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղ

«Մենք բավարար ապացույցներ ունենք, որ Ֆեթուլահ Գյուլենը հուլիսի 15-ի հեղաշրջման թիվ մեկ կազմակերպիչն է», - հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, որը այս օրերին պաշտոնական այցով գտնվում էր ԱՄՆ-ում:

«Անադոլու» գործակալության հետ զրույցում Բոզդաղը ամփոփել է Վաշինգտոն կատարած այցի և ամերիկացի պաշտոնակցի` Լորետա Լինչի հետ հանդիպման արդյունքները:

Թուրք նախարարը հայտնել է, որ ամերիկյան իշխանություններին կրկին պահանջ են ներկայացրել Գյուլենի ձերբակալության և արտահանձնման գործընթացը արագացնելու վերաբերյալ: Բոզդաղը ընդգծել է, որ առաջին անգամ Թուրքիան նախարարի մակարդակով բանակցում է արտահանձնման հարցի շուրջ, ինչը խնդրի կարևորության մասին է վկայում:

Թուրք նախարարի պնդմամբ` Գյուլենի ձերբակալման և արտահանձնման պահանջը հիմնավորող փաստաթղթերի փաթեթը առավել քան բավարար ապացույցներ է պարունակում, որպեսզի ամերիկյան իշխանությունները արագացնեն գործընթացը: Նրա խոսքերով` չնայած արտահանձնման վերաբերյալ երկկողմ համաձայնագրի առկայությանը, մինչ օրս ԱՄՆ-ը ակնկալվող քայլերը չեն ձեռնարկել: Բոզդաղը ընդգծել է, որ արտահանձնման գործընթացի ձգձգումը լուրջ վնաս կարող է հասցնել թուրք-ամերիկյան հարաբերություններին: «Եթե գործընթացը բացասական արդյունքի հանգի, ապա երկու երկրների հարաբերությունները այնպես կխաթարվեն, որ դժվար կլինի վերականգնել», - ասել է Բոզդաղը:

Թուրքիայի արդարադատության նախարարը շեշտել է, որ Գյուլենը սպառնալիք է ոչ միայն Թուրքիայի, այլև ԱՄՆ-ի համար: Հիշեցնելով, որ ԱՄՆ-ում մեծ թվով գյուլենական դպրոցներ կան` Բոզդաղը ամերիկյան իշխանություններին զգուշացրել է․ - «Եթե միջոցներ չձեռնարկեք, ապա 10 տարի անց ԱՄՆ-ում գյուլենական կառույցին չեք կարողանալու դիմակայել»: Թուրք նախարարը հավելել է, որ Գյուլենը սպառնում է խաթարել ԱՄՆ-ի հասարակական կարգը:

Ֆեթուլահ Գյուլենը, ով 1999 թվականից ի վեր բնակվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում, թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում է հուլիսյան հեղաշրջման փորձը նախաձեռնելու և ղեկավարելու մեջ: Վտարանդի գործիչը հերքում է այս մեղադրանքները` պնդելով, թե հեղաշրջման փորձը կազմակերպվել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հրահանգով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG