Մատչելիության հղումներ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակը կդիմի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ պահանջելով քննել քաղաքապետ Մարգարյանի վարքը:

Օրերս Երևանի ավագանու նիստում քաղաքապետը հրապարակավ կոպտեց ավագանու ընդդիմադիր անդամ Անահիտ Բախշյանին՝ ասելով՝ «Ձեր ձենին կարոտ չենք»: Մարգարյանը նաև «անբարոյական» անվանեց այն քաղաքացիներին, որոնց շենքի հետ կապված խնդիրն էր փորձում բարձրաձայնել ավագանու անդամը:

«Երկու տարբերակ կա․ առաջին տարբերակը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանձնաժողովին դիմելը, որը մենք անպայման կանենք: Մյուսը կա՝ զրպարտության հիմքով Վարչական դատարան մտնելը, որը լիովին կախված է տիկին Անահիտից, եթե ինքը որոշի», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Անահիտ Բախշյանը հրաժարվեց ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի թեմայով որևէ հարցի պատասխանել, միայն ասաց՝ սա առաջին դեպքը չէ, երբ Տարոն Մարգարյանն ավագանու ընդդիմադիր անդամներին վիրավորում, հեգնում ու ծաղրում է:

Հիշեցնենք՝ Դավթաշենի 2-րդ թաղամասի թիվ 43 շենքի հարակից կանաչապատ տարածքում զոհված ազատամարտիկների ընտանիքին հողատարածք նվիրելու՝ քաղաքապետի որոշումը զայրացրել էր բնակիչներին: Նրանք ասում են՝ դեմ չեն, որ օգնություն տրամադրվի այդ ընտանիքին, սակայն պնդում են՝ դա չպետք է արվի իրենց կանաչ տարածքի հաշվին: Բախշյանն էլ նիստի ընթացքում փորձում էր ճշտել, թե ինչու է քաղաքապետարանի տրամադրած փաստաթղթերում գրված՝ խնդրո առարկա տարածքն անբարեկարգ է, եթե դա այդպես չէ: Ընդ որում՝ հենց Բախշյանն է բոլորովին վերջերս դիմել քաղաքապետարանին զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցով: Իր պատասխանում, սակայն, Մարգարյանը շրջանցեց Բախշյանի բարձրացրած փաստաթղթային անճշտության հարցը:

«Բարոյական չէ, երբ որ մեկ ընտանիքից ամուսին և որդի զոհվել են արցախյան պատերազմին, այո, լավ ենք արել՝ տվել ենք, ու էլի տալու ենք։ Ու ինչքան զոհվածի ընտանիք կա իրենց կողքին եմ լինելու, ինչքան էլ փորձեք նախանձաբար, ինչքան էլ փորձեք նման անբարոյականներին լսելով մամուլում արտահայտվել, որ իրենք են ուզում», - ասաց Մարգարյանը։

Բախշյանն էլ հակադարձեց. - «Ես փաստաթղթերի մասին եմ խոսում, Դուք ինչ եք ասում։ Ես ասում եմ, որ փաստաթղթերում մի տեղ նկար եք տվել ուրիշ բան, գրել եք՝ հարթ, անբարեկարգ տարածք»։

«Ձեր ձենին կարոտ չենք։ Հերիք եղավ զոհվածների ընտանիքների վրա Ձեր PR-ից խոսաք», - ասաց քաղաքապետը։ Բախշյանն էլ հակադարձեց։ - «Դուք եք PR անում»։

«Բարև Երևան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ երբ ընդդիմությունը թվաքանակով քիչ է լինում՝ իշխող կուսակցության անդամների մոտ «մուսկուլներ ցույց տալու գայթակղություն է առաջանում»․ - «Հնարավոր է, որ ինքը ձայնին կարոտ չլինի տվյալ ավագանու, բայց տվյալ ավագանուն ընտրել են ընտրողներ՝ մոտ 20 հազարի չափ, և ակնհայտ է, որ այդ ավագանին նաև հասարակության մի հատվածի ձայնն է բարձրացնում: Որքան էլ ձայնը դուր չգա, կարոտ չլինի, այդ ձայնը պետք է հնչի»:

Քաղաքապետի հայտարարությունից վիրավորվել են քաղաքապետի հիշատակած շենքի բնակիչները: Նրանցից Դուխիկ Ղազարյանն ասաց՝ ամաչում է, որ նման քաղաքապետ ունեն:

«Քաղաքապետը որտեղի՞ց գիտի ով է բարոյական, ով է անբարոյական: Ու ինքը կանգնում՝ ասում է անբարոյականներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց վրդովված բնակիչը:

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն «Ազատությանը» փոխանցեց՝ քաղաքապետի խոսքը ոչ թե կոնկրետ անձանց, այլ երևույթներին է ուղղված եղել:

«Եղել է զոհված ազատամարտիկներին աջակցությանը ընդդիմանալու հարց: Դրա վիրավորական լինել-չլինելը խնդրում եմ ճշտեք տիկին Բախշյանից, բայց չմոռանաք, խնդրում եմ, հարցնեք, թե, օրինակ, Տարոն Մարգարյան - Անահիտ Բախշյան միջանձնային հարաբերություններում փոխադարձ հարգանքի ինչպիսի՞ մակարդակ կա», - հայտարարեց Գևորգյանը:

Ի դեպ․ Տարոն Մարգարյանի վերաբերյալ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը արդեն մեկ անգամ վարույթ հարուցել է․ 3 տարի առաջ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն էր դիմել այս մարմնին՝ խնդրելով քննել Երևանի քաղաքապետի գույքի և եկամուտների, ձեռնարկատիրական՝ մասնավորապես, տրանսպորտի որոլոտում որոշակի բիզնես շահերի առկայության հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG