Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 28-ը Անիմացիոն ֆիլմերի, պատկերապատումի միջազգային օրն է, և պատահական չէ, որ հենց հոկտեմբերի 28-ին Երևանում բացվում է ՌեԱնիմանիա միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատումի՝ արդեն 8-րդ փառատոնը:

Բացմանն ընդառաջ հրավիրած ասուլիսում փառատոնի կազմակերպիչներն ու Հայաստանում գործող և փառատոնի հետ համագործակցող դեսպանատների ներկայացուցիչները խոսեցին անիմացիոն ֆիլմերի զարգացման ու որակի մասին:

Ասուլիսին ներկա ֆրանսիացի հանրահայտ ռեժիսոր, Եվրոպական անիմացիոն ֆիլմերի մրցանակաբաշխության նախագահ Ժան-Պոլ Քոմինի խոսքով, հատկապես վերջին տարիներին մի ուշագրավ միտում է նկատվում՝ աստիճանաբար անիմացիոն ֆիլմերն առավել հաճախ տարբեր երկրների համատեղ աշխատանքի արդյունք են հանդիսանում, և դրա լավագույն վկայությունն է «Կարմիր կրիա» խորագրով լիամետրաժ անիմացիոն խաղարկային ֆիլմը, որը ստեղծվել է անգլիացի, ֆրանսիացի, ճապոնացի և հոլանդացի մասնագետների ջանքերով:

Այսօր երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում ՌեԱնիմանիա միջազգային 8-րդ փառատոնը կբացվի հենց այս ֆիլմի ցուցադրությամբ:

Ժան-Պոլ Քոմինը նշեց նաև, որ արդեն 2 տարի է, ինչ իր նախաձեռնությամբ Հայաստանից երկուական ուսանող է հրավիրվում ուսանելու Անգուլեմի անիմացիոն դպրոցում:

Մեկ այլ անվանի կինոռեժիսոր՝ անգլիացի Բիլլ Պրոմպտոնի խոսքով, աշխարհի ցանկացած երկրում կարող ես ոչ միայն զբաղվել անիմացիայով, ստեղծել ֆիլմեր, այլ նաև դրանք վաճառել և մեծ գումարներ վաստակել՝ եթե իհարկե գործին նվիրվես եռանդով և նպատակասլաց:

Փառատոնին մասնակցոզ անվանի կինոռեժիսորները հանդիպելու ուսանողների հետ և վարպետության դասեր են անցկացնելու:

ՌեԱնիմանիա փառատոնի հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր Վերժ Քասունու խոսքով, այս տարի փառատոնին մասնակցության համար ավելի քան 2000 ֆիլմի հայտ էր ներկայացվել, որոնցից փառատոնի կազմակերպիչներն ընտրել են 450-ը․ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում անիմացիոն ֆիլմերի սիրահարները մեծ անելիք ունեն՝ պիտի հասցնեն դիտել ֆիլմերը կամ գոնե դրանց մի մասը մայրաքաղաքի տարբեր կինոսրահներում :

«Ազատության» հարցին, թե իր գնահատմամբ այս 8 տարիների ընթացքում ինչ զարգացում է ապրել Հայաստանում անիմացիոն կինոոլորտը և ինչ չափով է փառատոնը նպաստել դրան Վրեժ Քասունին պատասխանեց․ - «Զարգացումը միանշանակ է․․․ Այս 8 տարվա ընթացքում բավականին նոր ֆիլմեր ամեն տարի փառատոնին մասնակցում են: Եվ ոչ միայն Հայաստանից, այլը սփյուռքից․ այս տարի առնվազն ունենք 4-5 դիմում սփյուռքից, որից մի քանիսը արդեն ընդգրկված են»:

Հավելենք, որ այս փառատոնին Լեհաստանը 11 ֆիլմ է ներկայացրել, Ֆրանսիան՝ 4 ֆիլմ: Իսկ Բրիտանական խորհրդի հայկական մասնաճյուղը մի շատ ուշագրավ ծրագիր է պատրաստել՝ նվիրված Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին: Փառատոնի մասնակիցները կարող են դիտել Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված «Շեքսպիրը՝ կադրում» ֆիլմերի շարքը․ 5 կարճամետրաժ ֆիլմերից յուրաքանչյուրը ներկայացնում է Շեսքպիրի ողբերգություններից մեկական արար:

Իսկ առհասարակ փառատոնին ներկայացված 450 ֆիլմերը մեծ աշխարհագրություն ունեն՝ ներկայացնում են աշխարհի 95 երկրներ:

Լավագույն ֆիլմերը միջազգային մրցութային հանձնաժողովի որոշմամբ հայտնի կդառնան նոյեմբերի 3-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG