Մատչելիության հղումներ

Կարեն Կարապետյանի այցը Բելառուս շարունակվում է


Կարեն Կարապետյանը ելույթ է ունենում ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստում: Մինսկ, 27-ը հոկտեմբերի, 2016 թ․
Կարեն Կարապետյանը ելույթ է ունենում ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստում: Մինսկ, 27-ը հոկտեմբերի, 2016 թ․

Բելառուսի մայրաքաղաքում այսօր գումարվող Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների կառավարությունների ղեկավարների հավաքին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը:

Սա Հայաստանի նորանշանակ վարչապետի առաջին արտասահմանյան այցն է:

Հետխորհրդային երկրների կառավարությունների ղեկավարներին այսօր ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ավանդույթի համաձայն քննադատելով թե՛ Անկախ պետությունների համագործակցությունը, թե՛ Եվրասիական տնտեսական միությունը․ - «Ինտեգրման տեմպերի, զարգացման գործնական արդյունքներին ուղղված ավելի հաճախ հնչող քննադատությունն արդարացի է: Բիզնեսը տագնապալի ահազանգեր է հնչեցնում: Անկեղծ ասած՝ ոչ միայն ԱՊՀ-ի, այլ նաև Եվրասիական տնտեսական միության հեռանկարների հետ կապված տագնապալի տրամադրություններ այստեղ Բելառուսում էլ կան»:

Երեկ Մինսկում Կարապետյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միջկառավարական խորհրդի հերթական նիստին, առանձին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառարավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:

Հայաստանի կառավարության մամլո գրասենյակի հաղորդմամբ, հանդիպմանը Կարապետյանն ու Մեդվեդևը նախ և առաջ կարևորել են երկու երկրների դաշնակցային-ռազմավարական հարաբերությունները, խոսել են նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ իրականացվող քայլերի մասին՝ նկատի ունենալով, որ ԵՏՄ-ում Հայաստանի և Ռուսաստանի ներգրավվածությունը նոր հնարավորություններ ու հեռանկարներ է ուրվագծում:

ԵՏՄ կառավարությունների ղեկավարների հավաքում երեկ հերթական անգամ հնչել են հայտարարություններ, թե միությունը, «զարգանում է, մոտենում է իր ռազմավարական նպատակներին»: Նման հայտարարություն երեկ արել է Բելառուսի վարչապետ Անդրեյ Կովյակովը՝ միաժամանակ նկատելով, թե «ընթացիկ տարին բարդ տարի էր միության անդամ երկրների տնտեսությունների համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG