Մատչելիության հղումներ

«Կողմերը պետք է համաձայնության գան»․ ՌԴ ԱԳՆ խոսնակը մեկնաբանում է Ալիևի հայտարարությունը


ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղին ինքնավար հանրապետության կարգավիճակ տալու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս արած հայտարարությունը: Հինգշաբթի օրը ճեպազրույցում այդ մասին Մարիա Զախարովային հարց է ուղղել «Մոսկվա-Բաքու» լրատվական գործակալության թղթակիցը:

Զախարովան պատասխանել է, որ Ալիևի արտահայտությունում առանցքային է «եթե կողմերը համաձայնության գան» ձևակերպումը: «Կողմերը պետք է համաձայնության գան», - ընդգծել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:

Հիշեցնենք, հոկտեմբերի կեսերին Ալիևը ծավալուն հարցազրույց էր տվել ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար Ադրբեջանի փոխզիջման մասին նա ասել էր, թե հնարավոր է՝ դա լինի ապագայում Լեռնային Ղարաբաղին ինքնավար հանրապետության կարգավիճակ տրամադրելու տեսքով, սակայն նախ և առաջ հայկական զորքերը պետք է դուրս գան Ղարաբաղին հարակից շրջաններից:

Երեկվա ճեպազրույցից «Վեստնիկ Կավկազա» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը պատասխանել է նաև իրենց թղթակցի հարցին ղարաբաղյան հակամարտության ներկայիս իրավիճակի մասին՝ ապրիլյան էսկալացիայից վեց ամիս անց արդյոք հաջողվե՞լ է չեզոքացնել մարտական գործողությունների վերսկսման վտանգը:

Մարիա Զախարովան ասել է, թե ուժային որևէ գործողություններ չեն կարող նպաստել խաղաղ կարգավորմանը, և դա վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: «Ընդհանրապես, դա վերաբերում է միջազգային հարաբերություններին ու քաղաքական-դիվանագիտական կարգավորումների տեսությանը և պրակտիկային», - ընդհանրացրել է նա:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և կարգավորման առաջիկա հնարավոր բանակցություններին անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: APA գործակալության փոխանցմամբ՝ նա պատասխանել է իրենց հարցերին:

«Մենք անհամբերությամբ սպասում ենք, որ Համբուրգում կայանա երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը՝ շարունակելու կարևոր բանակցությունները հակամարտության կարգավորման հիմնական հարցերի շուրջ», - ասել է Ուորլիքը:

Ամերիկացի դիվանագետը նշել է, որ միջնորդները մշտական շփումների մեջ են նախագահների և արտգործնախարարների հետ ու պատրաստ են հանդիպում անցկացնել ցանկացած պահի:

ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների ամենամյա համաժողովը տեղի է ունենալու Համբուրգում դեկտեմբերի 8-9-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG