Մատչելիության հղումներ

Էդուարդ Շարմազանով․ «Դիմի-չդիմի՝ Կարեն Կարապետյանը մեր թիմի լիարժեք անդամ է»


ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ճեպազրույցի ժամանակ, արխիվ

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմինը հինգշաբթի երեկոյան հերթական նիստում քննարկել է կուսակցության հերթական համագումարի կազմակերպչական խնդիրներ, կուսակցության ծրագրում սպասվող փոփոխությունները, ամփոփել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը: Այդ մասին նիստին հաջորդած ճեպազրույցում հայտարարեց իշխող կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ի պատասխան լրագրողներից մեկի հարցի, ՀՀԿ խոսնակը հայտնեց, որ կուսակցությանը վարչապետ Կարեն Կարապետյանի անդամակցելու հարց իրենք չեն քննարկել՝ «գոնե այսօր»․ - «Այսօր ոչ պարոն վարչապետի հավանական կուսակցական անդամակցման խնդիրն ենք քննարկել, ոչ էլ որևէ այլ մեր գործընկերոջ անդամակցման հարց Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Պարոն վարչապետը պարոն նախագահի հետ, երբ որ ժամանակը գա, կքննարկեն, կորոշեն»:

«Ամեն դեպքում, մինչ այս պահը, Կարեն Կարապետյանը դիմե՞լ է անդամակցելու Հայաստանի հանրապետական կուսակցությանը», - «Ազատության» այս հարցին Շարմազանովը արձագանքեց․ - «Ես Ձեր հարցին հստակ պատասխանեմ․ Կարեն Կարապետյանը դիմի-չդիմի՝ Կարեն Կարապետյանը Հայաստանի հանրապետական թիմի առանցքային ներկայացուցիչ է: Այս թիմի քաղաքական ղեկավարն ու առաջնորդը Սերժ Սարգսյանն է, և պարոն Կարեն Կարապետյանը մեր թիմի լիարժեք անդամ է, և մենք լիարժեքորեն իր հետ միասին կիսում ենք կառավարության պատասխանատվությունը»:

«Ազատության» մեկ այլ հարցի, որ վերաբերում էր Երևանի ավագանու վերջին նիստի ընթացքում հանրապետական քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին ուղղած «Ձեր ձենին կարոտ չենք» արտահայտությանը և դավիթաշենցիների առնվազն մի մասին անբարոյական անվանելուն, իշխող կուսակցության խոսնակը պատասխանեց․ - «Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետն է, ընտրված քաղաքապետ է, շատ մեծ սեր ու հարգանք է վայելում Երևանում, և ցավում եմ, բայց, այո, մեր հասարակությունում կան տարբեր շերտերի մարդիկ: Տարոն Մարգարյանը իմ պաշտպանության կարիքը չունի, ես լիարժեքորեն պաշտպանում եմ՝ որպես նաև Երևանի փաստացի բնակիչ, Տարոն Մարգարյանի բարեփոխումները, որ նա իրականացնում է»:

Կուսակցությունում անգամ քննարկման առարկա՞ չէ Մարգարյանի նման վարքագիծը՝ սրան էլ Շարմազանովը հակադարձեց․ - «Անցանք այդ հարցը, որովհետև ես պատասխանեցի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG