Մատչելիության հղումներ

Հայ դատը ոչ մեկին չի սատարում, հնչակյանները զորակցում են Քլինթոնին


ԱՄՆ նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնը և Դոնալդ Թրամփը բարեգործական ընթրիքի ժամանակ, Նյու Յորք, 20-ը հոկտեմբերի, 2016թ․

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարում է, որ նոյեմբերի 8-ին Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրություններում չի սատարելու երկու հիմնական կուսակցությունների թեկնածուներից և ոչ մեկին:

Չորս տարին մեկ Հայ դատը մանրազնին ուսումնասիրում է թեկնածուների ընտրարշավի ընթացքը, նրանց հայտնած դիրքորոշումները հատկապես այն հարցերում, որոնք կարևոր նշանակություն ունեն Ամերիկայի հայ համայնքի համար:

Այս վերլուծություններից հետո Հայ դատը հանգել է հետևյալ եզրակացության. ոչ հանրապետականների կողմից առաջադրված Դոնալդ Թրամփ-Մայք Փենս զույգը, ոչ էլ դեմոկրատներ Հիլարի Քլինթոնն ու Թիմ Քեյնը չեն արժանացել Հայ դատի աջակցությանը:

Ուստի, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը իր հայտարարությունում հայ ընտրողներին կոչ է անում ակտիվորեն մասնակցել ընտրական գործընթացի այլ ասպարեզներին և սատարել ֆեդերալ, նահանգային կամ տեղական ընտրություններում Հայ դատի աջակցությունը վայելող թեկնածուներին:

Ամերիկյան ընտրությունների վերաբերյալ նախօրեին դիրքորոշում է հայտնել նաև Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը: Հայտարարությունում ասվում է, որ նոյեմբերի 8-ին ամերիկացիները մասնակցելու են ճակատագրական նշանակություն ունեցող քվեարկությանը, որի արդյունքը մեծ նշանակություն կունենա ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների, այլև ամբողջ աշխարհի համար: Հանրապետական կամ դեմոկրատական թեկնածուներից մեկը պետք է ընտրվի Ամերիկայի 45-րդ նախագահ:

Հնչակյանների համոզմամբ, ընտրարշավի ընթացքում Թրամփը հանդես է եկել խտրականության վրա հիմնված բազմաթիվ ելույթներով, այդ ամենին գումարվում է նաև Թուրքիայում և Ադրբեջանում Թրամփի բիզնես ծրագրերի առկայության հանգամանքը: Հետևաբար, Թրամփի թեկնածությունը հնչակյանների համար ընդունելի չէ:

Մինչդեռ, Քլինթոնը որպես առաջին տիկին, Սենատի անդամ և պետական քարտուղար վարել է հավասարակշռված քաղաքականություն: Հաշվի առնելով այդ հանգամանքը, Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը նոյեմբերի 8-ի ընտրություններում սատարելու է Հիլարի Քլինթոնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG