Մատչելիության հղումներ

Ոչ-մարտական պայմաններում մահացած զինծառայողների ծնողները շարունակելու են պայքարել


Բանակում մահացած 19-ամյա զինվոր Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր ավարտեց 7 տարի առաջ բանակում ոչ-մարտական պայմաններում մահացած 19-ամյա զինվոր Վալերիկ Մուրադյանի մոր բողոքի քննությունը։

Դատարանը երկու շաբաթ հետո որոշում կկայացնի՝ բավարարե՞լ որդեկորույս մոր պահանջը, թե՞ ոչ։

Նանա Մուրադյանը տարիներ շարունակ թակում է դատարանների ու պաշտոնյաների դռները՝ պահանջելով բացահայտել որդու մահվան գործը։ Մայրը պնդում է, որ որդուն սպանել են, մինչդեռ իրավապահները պնդում են՝ Ղարաբաղում ծառայող երիտասարդը ինքնասպանություն է գործել, բայց թե ով կամ ովքեր են նրան դրդել այդ քայլին, վեց տարվա քննությունից հետո այդպես էլ չի պարզվել։

«Ամբողջը թերի են արել, ամբողջ գործողությունը: Դրա տակ էս ամբողջ համակարգի ամեն ինչն ա թաքնված․․․ Ես ասում եմ՝ լավ գումարներ են աշխատում զինվորների մահվան վրա․․․ Իրանց ձեռնտու ա նման հանցագործներին պահեն, որովհետև հա՛մ գումարներ են վերցնում, հա՛մ էլ էդ հանցագործները իրանց աթոռները պաշտպանում են», - ասաց Մուրադյանը:

Մոր խոսքով, զինվորի մարմնի վրա եղել են բազմաթիվ վնասվածքներ, որոնք կապ չունեն պաշտոնական վարկածի՝ պարանով կախվելու հետ։ Ինքը, սակայն, կարծում է, որ որդու սպանությունը կապված է զորամասում «բենզինի գողության հետ», ինչի մասին որդին իմացել էր․ - «Իմ տղան կա՛մ կողքից էր լսել, կա՛մ հեռախոսները բոլորս էլ գիտենք, որ գաղտնալսվում են Ղարաբաղից զինվորների խոսակցությունները: Ես կարծում եմ, որ լսել են ու սպանել են էրեխուս, մտածել են չգիտես ում ա ասում»:

Անցած տարիների ընթացքում որդու մահվան գործը հանգամանորեն ուսումնասիրած մայրը շեշտում է՝ նախաքննական մարմինը ոչնչացրել է մի շարք կարևոր ապացույցներ, որոնք կարող էին վկայել սպանության մասին․ - «Առգրավված տոպրակի մեջ չկային Վալերիս զինվորական կոշիկները: Հարց ենք տալիս քննիչին՝ ո՞ւ ա իմ տղայիս կոշիկները, ինչի՞ փորձաքննության չեք ենթարկել, ինքը պատասխանում ա՝ դիակի ստորին վերջույթների վրա և գուլպաների վրա վնասվածքներ չենք հայտնաբերել, դրա համար էլ կոշիկները կարևոր չեմ համարել, որ փորձաքննության ենթարկենք: Իմ տղան գնացել ա դեպքի վայր էդ կոշիկներով, աթոռ ա տարել էդ կոշիկներով, և դուք ասում եք, որ կանգնել ա ին տղեն էդ աթոռի վար և ինքնասպանություն ա գործել: Բա էդտեղ էդ աթոռի վրա պետք է լինեին իմ տղայիս կոշիկի հետքերը»:

Մինչդեռ քննիչն ու դատախազը նախորդ դատական նիստի ընթացքում պնդել էին, թե իրենք արել են հնարավորը՝ փորձելով պարզել տարիներ առաջ բանակում տեղի ունեցած մահվան դեպքի բոլոր մանրամասները, բայց որևէ հանգամանք չի հաստատվել:

Նանա Մուրադյանի հետ բողոքի տարբեր ակցիաների մասնակցող խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները, պնդում են՝ շարունակելու են պայքարել հանուն արդարության։

Գոհար Սարգսյանի որդու՝ Տիգրան Օհանջանյանի քրեական գործը ևս կասեցվել էր, բայց ամիսներ առաջ դատարանը բավարարել էր մոր բողոքը և քննչական մարմնին պարտադրել շարունակել նախաքննությունը։ 9 տարի առաջ բանակում մահացած Տիգրան Օհանջանյանի դեպքում քննչական մարմինը մահվան պատճառը չի գտնում։ Սկզբում վարկած կար, որ էլեկտրահարվել էր, հետո արդեն դատարանը հերքել էր այս վարկածը:

«Էն հարցերի պատասխանը, որ ես ինը տարի չեմ գտել, որ իմ էրեխեն չունի մահվան պատճառ, որ կորել ա հանցագործության գործիքը, էս դատախազն ա պատասխան տալու», - ասաց Գոհար Սարգսյանը:

Որդեկորույս ծնողները սպասում են նորանշանակ գլխավոր դատախազի ընդունելությանը։ «Էդ ամեն հարցերը բարձրացնելու եմ Գլխավոր դատախազի մոտ: Եվ կարևորը, Գլխավոր դատախազի կողքը նստած ա Արմեն Հարությունյանը՝ դատախազի տեղակալ, և դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Արտակ Հարությունյանը, որ շատ լավ տեղյակ են մեր զավակների քրեական գործերից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG