Մատչելիության հղումներ

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են Ծառուկյանից ներողություն հայցել «Ազատություն»-ից


Գագիկ Ծառուկյանը «ԷՔՍՊՈ-Ռուսաստան, Հայաստան և Իրան» արդյունաբերական ցուցահանդեսից հետո հարցազրույց է տալիս լրագրողներին, 26-ը հոկտեմբերի, 2016թ
Գագիկ Ծառուկյանը «ԷՔՍՊՈ-Ռուսաստան, Հայաստան և Իրան» արդյունաբերական ցուցահանդեսից հետո հարցազրույց է տալիս լրագրողներին, 26-ը հոկտեմբերի, 2016թ

Մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ, այդ թվում՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (նախկին «Ինտերնյուս»), համատեղ հայտարարություն են տարածել՝ Գագիկ Ծառուկյանից պահանջելով՝ ներողություն հայցել «Ազատություն»-ից և «Ազատության» թղթակից Սիսակ Գաբրիելյանից։

Հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Երեկ` հոկտեմբերի 26-ին, Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը հրապարակայնորեն վիրավորական արտահայտություններ է թույլ տվել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանի հասցեին։ Լրագրողը մի շարք այլ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ մոտեցել է Երևանում բացված «ԷՔՍՊՈ-Ռուսաստան, Հայաստան և Իրան» արդյունաբերական ցուցահանդես այցելած Գագիկ Ծառուկյանին և հարցրել նրա՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորության մասին։ Երբ գործարարը, որպես իր բարերարությունների օրինակ, հիշատակել է 2000 խանութ կառուցելն ու 3 տարով անհատույց տրամադրելը փոքր և միջին ձեռնարկատերերին, «Ազատության» թղթակիցը փորձել է ճշտել՝ արդյո՞ք Գագիկ Ծառուկյանն ամբողջությամբ իր փողերով է կառուցել այդ խանութները, թե՞ մասնակցություն են ունեցել նաև դրանց գործարկողները։ Դա հունից հանել է պատգամավոր-գործարարին, և նա Սիսակ Գաբրիելյանին վիրավորել է «մուտիլովշիկ» և «պատրաստված շպիոն» արտահայտություններով։ Ավելին՝ Ծառուկյանը հայտարարել է, թե այն, որ ժողովրդի մեծամասնությունն այսօր «տոկոսների տակ է» գտնվում, լրագրողի, նրա «պատրաստողի ու ուղարկողի երեսից է»։

Կազմակերպությունները նշում են, որ «սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքական գործիչները, բարձրաստիճան պաշտոնյաներն ու հայտնի այլ անձինք փորձում են երկրի չլուծված խնդիրները բարդել ԶԼՄ-ների ու լրագրողների վրա՝ անտեսելով իրական մեղավորներին, առավել ևս առաջին դեպքը չէ, երբ այդ անձինք լրատվամիջոցների ներկայացուցիչներից անհաճո հարց կամ դիտարկում լսելիս կորցնում են ինքնատիրապետումը և անցնում են վիրավորանքների, ինչը չի կարող վրդովմունք չառաջացնել լրագրողների շրջանում»։

«Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, Գագիկ Ծառուկյանից պահանջում ենք ներողություն հայցել «Ազատություն» ռադիոկայանից և թղթակից Սիսակ Գաբրիելյանից՝ նրանց հանիրավի վիրավորելու համար, և ապագայում բացառել նման բառապաշարով լրագրողների հետ խոսելը», - ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG