Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմը՝ «Օսկար»-ի սեղմ ցուցակում


Հայաստան - Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ցեղասպանության 100-րդ տարելիցին, Երևան, 24-ը ապրիլի, 2015թ․
Հայաստան - Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ցեղասպանության 100-րդ տարելիցին, Երևան, 24-ը ապրիլի, 2015թ․

Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկար»-ի «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի սեղմ ցուցակում` «շորթլիսթում»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այն 9 այլ կարճամետրաժ ֆիլմերի հետ կպայքարի հեղինակավոր մրցանակի համար:

«Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմը պատմում է Թուրքիայի քաղաքացի մի կնոջ մասին, ով 2015 թվականին պարզում է, որ իր մեծ մայրը ցեղասպանությունը վերապրողներից մեկն է, և որոշում է մեկնել Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Նրա ներսում միշտ պայքարում են Ցեղասպանություն վերապրածն ու Ցեղասպանություն ժխտողը:

Երևանում ծնված ռեժիսոր Նարե Մկրտչյանը Լոս Անջելես է տեղափոխվել 15 տարի առաջ: Սովորելով համաշխարհային կինոյի ներկայացուցչական դպրոցներից մեկում՝ USC School of Cinematic Arts հանրահայտ կինոդարբնոցում, Մկրտչյանն այս տարիների ընթացքում նկարահանել է ավելի քան 60 կարճամետրաժ ֆիլմ:

Ամերիկյան կինոակադեմիայի 89-րդ մրցանակաբաշխությունը կկայանա 2017 թվականի փետրվարի 26-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG