Մատչելիության հղումներ

Վախճանվել է գրող, հրապարակախոս և թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանը


Ռուբեն Հովսեփյանը զրուցում է «Ազատության» հետ, սեպտեմբեր, 2011թ․
Ռուբեն Հովսեփյանը զրուցում է «Ազատության» հետ, սեպտեմբեր, 2011թ․

Կյանքի 78-րդ տարում, կարճատև հիվանդությունից հետո, այսօր վախճանվել է գրող, հրապարակախոս, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանը: Այդ մասին հաղորդում է ՀՅ Դաշնակցության բյուրոյի պաշտոնական կայքէջը:

Ռուբեն Հովսեփյանը 1982-1987 թվականերին եղել է «Սովետական գրող» (այժմ՝ «Նաիրի») հրատարակչության գլխավոր խմբագիրը, 1988-1989-ին՝ Հայաստանի գրողների միության քարտուղար, 1989 թվականից՝ «Նորք» ամսագրի գլխավոր խմբագիր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ էր, գրական մրցանակների դափնեկիր: Եղել է նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Դրոշակ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր:

Մի շարք պատմվածքների ու վիպակների հեղինակ է, այդ թվում՝ «Որոնումներ», «Երկու վիպակ: Ճիչ: Հայոց թաղ», «Հնձան», «Ամենատաք երկիրը», թարգմանել է Լև Տոլստոյի ստեղծագործություններից, Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը»:

Գրողի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: «Ռուբեն Հովսեփյանը հրաշալի զգում էր ժամանակն ու իրականությունը` ձգտելով դրանք առավել ճշմարտացի ու անմիջականորեն արտացոլել գրական ստեղծագործության միջոցով, իրեն հատուկ խորաթափանցությամբ: Ժամանակակից հայ գրականության ինքնատիպ դեմքերից մեկը լինելուց բացի նա նաև բարձրակարգ թարգմանիչ էր, ում շնորհիվ հայալեզու ընթերցողին հասու են դարձել համաշխարհային գրականության շատ գոհարներ: Նա նաև մի շարք հայտնի ֆիլմերի համար գրված սցենարների հեղինակ է», - մասնավորապես ասված է ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG