Մատչելիության հղումներ

Թրամփ. Սիրիայի հարցով Քլինթոնի ծրագիրը կարող է Երրորդ աշխարհամարտի առիթ դառնալ


Հիլարի Քլինթոն, Դոնալդ Թրամփ
Հիլարի Քլինթոն, Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ի նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը կրկին խիստ քննադատության է ենթարկել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին՝ անվանելով նրան ոչ-կոմպետենտ, միջազգային հարցերում անգրագետ։

Դոնալդ Թրամփը հավատացած է, որ եթե իրագործվի Հիլարի Քլինթոնի առաջարկած Սիրիայի ծրագիրը, ապա կսկսվի Երրորդ համաշխարհային պատերազմը։

«Մենք Երրորդ համաշխարհային պատերազմի մեջ կհայտնվենք Սիրիայի շուրջ, եթե լսենք Հիլարի Քլինթոնին, նա ոչ-կոմպետենտ է, անիրազեկ», - համոզված հայտարարում է Թրամփը։

Reuters լրատվական գործակալությանը տրված հարցազրույցում հանրապետական թեկնածուն հիմնականում անդրադարձել է արտաքին քաղաքական հիմնախնդիրներին։ Նրա համոզմամբ՝ «Իսլամական պետությանը» պարտության մատնելը ավելի մեծ նշանակությունն ունի, քան Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հեռանալը․ - «Մենք հիմա պետք է կենտրոնանանք «Իսլամական պետության» վրա, այլ ոչ թե Սիրիայի»։

Թրամփը չի հավատում, որ Քլինթոնը կարող է ընդհանրապես բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նրա կերպարը այդքան դիվային դարձնելուց, նրա հասցեին այդքան թշնամական հայտարարություններ անելուց հետո։

«Դու այլևս Սիրիայի հետ չես կռվում, այլ կռվում ես Սիրիայի, Ռուսաստանի, Իրանի հետ։ Սիրիան այլևս Սիրիա չէ, Սիրիան Ռուսաստան է և նոր Իրան, որին մենք ստեղծեցինք նորովի Իրանի գործարքի միջոցով, որը իմ տեսած ամենավատ գործարքներից մեկն է», - ասում է Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածուն։

Հիլարի Քլինթոնի թիմը հակադարձում է՝ ասելով, թե և՛ Հանրապետական, և՛ Դեմոկրատական կուսակցությունների մասնագետները, որոնք քաջատեղյակ են ազգային անվտանգության հարցերին, միաբերան դատապարտում են Թրամփին՝ պնդելով, որ նա չի կարող լինել երկրի գլխավոր հրամանատարը։

«Թրամփը ևս մի անգամ թութակի պես կրկնում է Պուտինի փաստարկները և շահարկում է ամերիկացիների մտավախությունները՝ հրաժարվելով միաժամանակ ներկայացնել իր առաջարկները «Իսլամական պետությանը» պարտության մատնելու մասին կամ Սիրիայում մարդկային տառապանքներին վերջ տալու որևէ ծրագիր», - ասում է Քլինթոնի խոսնակ Ջեսի Լեհրիխը։

Իսկ ինքը Հիլարի Քլինթոնը հակադարձում է Դոնալդ Թրամփին՝ մեղադրելով նրան ամերիկյան ժողովրդավարությունը վատաբանելու, այն թիրախավորելու մեջ։

«Իր ողջ քարոզարշավի ընթացքում հերթով հարձակվելով ամերիկյան տարբեր խմբերի վրա, այդ թվում՝ գաղթականների, աֆրիկացիների, լատինական ծագումով մարդկանց, կանանց, նախկին ամերիկացի ռազմագերիների, մահմեդականների, հաշմանդամ անձանց վրա, այժմ նրա հարձակման վերջին թիրախը ժողովրդավարությունն է», - հայտարարում է ԱՄՆ-ի նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածուն:

Նախագահական ընտրարշավը շարունակվում է, հաշվված օրեր են մնացել մինչև ընտրությունները։ Վերջին հասարակական հարցումները վկայում են, որ առայժմ Հիլարի Քլինթոնն է առջևում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG