Մատչելիության հղումներ

Սիրիահայերի գերխնդիրը անվտանգությունն է. հալեպահայ լրագրող


Հալեպ, Սիրիա, արխիվ

Սիրիայում շարունակվող հակամարտության մեջ ապրող հայերի գերխնդիրը անվտանգությունն է, այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հալեպահայ լրագրող, «Սիրիահայերի շտապօգնության և վերականգնման կենտրոնի» մամուլի խոսնակ Մարիա Գաբրիելյանը։

Սիրիական պատերազմի սկզբում Հալեպի հայկական համայնքի ղեկավար ներկայացուցիչները՝ Հայ հեղափոխական դաշնակցություն, Ռամկավար և Հնչակյան կուսակցությունները, ինչպես նաև Հայ առաքելական, Ավետարանական և Կաթոլիկ եկեղեցիների միավորվեցին՝ ստեղծելով Սիրիահայերի շտապօգնության կենտրոնը, որը տարատեսկան աջակցություն է ցուցաբերում պատերազմական գոտում ապրող սիրիահայերին։

Մարիա Գաբրիելյանը Հայաստան է եկել օրեր առաջ՝ մասնակցելու սփյուռքահայ լրագրողների համաժողովին։ «Ազատությանն» ասաց, որ Հալեպից մեծ դժվարությամբ է հասել Լիբանան՝ Խանասեր կոչվող ցամաքային ճանապարհով հասնելով Բեյրութ։

«Այսօրվա դրությամբ Հալեպում չկա անվտանգ շրջան»,- ասաց Գաբրիելյանը։

Անվտանգության խնդրից բացի հալեպահայ լրագրողին մտահոգում է նաև գործազրկության հարցը։ Գաբրիելյանը պատմում է, որ անցած տարիներին բազմաթիվ ռմբակոծությունների և հրթիռակոծության թիրախ դարձավ Հալեպի հայաբնակ Նոր գյուղ թաղամասը, որտեղ կենտրոնացած էր սիրիահայ վարպետների մեծ մասը։

Հատկապես սոցիալական ցանցերում չի դադարում քննադատությունը Հայաստանի կառավարության և հալեպահայ համայնքի ղեկավարների հասցեին, որոնցից պահանջում են տարհանել ամենօրյա հրթիռակոծության տակ կյանքը շարունակող հայերին։ Հալեպահայ լրագրողը պնդում է, թե այնտեղ մնացածների փոքր մասն է ցանկանում դուրս գալ Սիրիայից՝ կրկնելով համայնքի ղեկավարներ կողմից նախկինում արված հայտարարությունները, թե ով ցանկանում է լքել Հալեպը, կարող է դա անել, իսկ նրանց, ովքեր մտադիր են մնալ, տարհանելու կարիք չկա։

«Ազատության» դիտարկմանը, թե Արևմուտքը Ռուսաստանին և Սիրիայի կառավարական զորքերին է մեղադրում հատկապես անցած մեկ ամսվա ընթացքում Հալեպի խաղաղ բնակչությանը հրթիռակոծելու մեջ, հալեպահայ լրագրողը համոզված պնդեց՝ այդ ամենը ահաբեկիչների ձեռքի գործն է։

Լիբանանում տպագրվող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն, ով անցած տարիներին ամենօրյա հրապարակումներով անդրադարձել է Սիրիայի հակամարտությանն, ասում է՝ Սիրիայում կառավարելի քաոս է տիրում, ինչը հաճախ է խախտվում ահաբեկիչների կողմից։

«Կան ահաբեկական խմբավորումներ, որոնք, ըստ մեր դիտարկումների, սնվում են Թուրքիայից»,- հայտարարեց Գանտահարյանը։

Մինչ գերտերությունները փորձում են լուծումներ գտնել սիրիական հակամարտության հարցում, հալեպահայ համայնքի կառավարող մարմնի կազմում գտնվող Հայ հեղափոխական դաշնակցությունը պնդում է՝ «Մերձավոր Արևելքում հայության մնալը կարևոր է»։

«Սկսեց անհեթեթություն հնչել՝ «արյան գնով»... ի՞նչ է նշանակում։ Այսինքն մարդիկ ուզում են Հալեպից դուրս գալ, մենք բռնել ենք ձեռքերի՞ց, ասում ենք՝ գնացեք, սպանվեք... անհեթեթություն է դա։ Ինչ էլ անենք, համայնքը մնալու է։ Իսկ եթե համայնքը մնալու է, ուրեմն պետք է նաև համայնքը պահել։ Ով որ ուզում է դուրս գալ, ազատ է։ Ով որ մնում է, մենք աջակցելու ենք, որ մնա։ Մերձավոր Արևելքում հայության մնալը կարևոր է՝ նախ որովհետև հայապահպանությունը շատ ավելի հեշտ է, երկրորդ՝ Հայաստանին ավելի մոտ է»,- հայտարարեց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

Պաշտոնական տվյալներով, անցած 5 տարիների ընթացքում Հայաստան է տեղափոխվել 20 հազար սիրիահայ, որից 17 հազարը մնացել է հայրենիքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG