Թուրքիայի ոստիկանությունն այսօր արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ է կիրառել քրդաբնակ Դիարբեքիրում, որտեղ առավոտից հարյուրավոր ցուցարարներ էին դուրս եկել փողոց Էրդողանի կառավարության դեմ: Ավելի վաղ իշխանությունները ձերբակալել էին Դիարբեքիրի առաջին կին քաղաքապետին ու նրա տեղակալին, որոնք մեծ հեղինակություն են վայելում քրդաբնակ շրջաններում, երկուսն էլ մեղադրվում են ահաբեկչության, քրդական աշխատավորական կուսակցությանն անդամակցելու և անջատողականություն քարոզելու մեջ:
Մինչդեռ քրդերը հայտարարում են՝ պաշտոնական Անկարան իրականում օգտագործում է ահաբեկչության դեմ պայքարի կարգախոսը իրենց ճնշելու, փոքրամասնությունների իրավունքներն ու ազատությունները ոտնահարելու համար:
Քրդերի բողոքի ցույց ի վերջո ավարտվել է ոստիկանության հետ բախումներով, մի քանի տասնյակ մարդ ձերբակալվել է: Թե տեղում ի՞նչ վիճակ է հիմա՝ դժվար է ասել. ինտերնետն ու հեռախոսակապը սահմանափակված են, հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը: Փորձագետները նշում են՝ էրդողանի կառավարությունը հետևողականորեն փորձում է ճնշել ազգայնական ու անջատողական տրամադրությունները քրդական շրջաններում՝ աչքի առաջ ունենալով Սիրիան և Իրաքը, որտեղ քրդերն արդեն հայտարարել են ինքնավարության մասին:
Փոքրամասնությունների դեմ պաշտոնական Անկարայի նոր ճնշումները այսօր քննադատել է նաև Եվրամիությունը: - «Քուրդ առաջնորդների ձերբակալությունը շատ մտահոգիչ է, խնդիրները հնարավոր է լուծել միայն քաղաքական ճանապարհով», - այսօր հայտարարել են Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին և ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը: Ահաբեկչական խմբավորումների շարքին դասելով քրդական աշխատավորական կուսակցությունը՝ պաշտոնական Բրյուսելը միաժամանակ կոչ է արել Անկարային վայր դնել զենքերը և տարաձայնությունները կարգավորել բանակցությունների ճանապարհով:
Միայն անցած մեկ ամսվա ընթացքում Թուրքիայի իշխանությունները քրդաբնակ շրջաններում 24 քաղաքապետ են պաշտոնանկ արել, ավելի քան 11 հազար ուսուցիչ էլ աշխատանքից ազատվել է ահաբեկչությանն աջակցելու և քրդական աշխատավորական կուսակցության հետ առնչություն ունենալու մեղադրանքներով: