Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ «Մեր պետությունը կարևորում է ոսկերչության զարգացումը»


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա է գտնվել Ոսկերիչների համաշխարհային համադաշնության՝ ՍԻԲՋՕ-ի համաժողովին, որին աշխարհի 25 երկրից ժամանած ոսկերչության և թանկարժեք մետաղների մշակման ոլորտները ներկայացնող ավելի քան 80 պատվիրակների հետ միասին մասնակցել է ՍԻԲՋՕ-ի նախագահ Գայետանո Կավալիերին:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը համաժողովի մասնակիցներին հղած ողջույնի խոսքում, մասնավորապես, ասել է․ - «Հայաստանն ու աշխարհասփյուռ հայ ժողովուրդը մեծ ավանդ են ներդրել ոսկերչության և ակնագործության զարգացման գործում, իրենց հաստատուն տեղն ունեն այս ոլորտի տարեգրության մեջ: Հայ ոսկերիչների հաջողությամբ ստեղծված գործերը, նրանց գործունեությունը տարբեր երկրներում ոլորտին բերել են զարգացում, նրանք հիմնել են ոսկերչական ձեռնարկություններ ու վաճառատներ Նյու Յորքում ու Փարիզում, Մոսկվայում և Լոնդոնում, Կոստանդնուպոլսում ու Բեյրութում, Կահիրեում և բազմաթիվ այլ վայրերում: Նրանց ձեռքով կերտվել են ոսկերչական արվեստի փայլուն նմուշներ՝ ադամանդակուռ գահեր ու թագեր, խաչեր ու շքանշաններ, շքեղ զարդանախշեր ու գավաթներ»:

«Այսօր Հայաստանում ոսկեգործության և ադամանդագործության զարգացման ուղղությամբ հետևողական աշխատանքներ են տարվում: Մենք այդ ճյուղը հայտարարել ենք երկրի տնտեսության գերակա, ռազմավարական ուղղություններից մեկը: Խորհրդանշական է նաև, որ Հայաստանում արդեն մի քանի տարի է, որ նշվում է «Ոսկերչի ազգային օրը»: Երևանում կա Ոսկերիչների անունով փողոց և այն բերում է այստեղ՝ «Մերիդիան» ոսկերչական տնտեսական գոտի, որի նախաձեռնողը ձեր ոլորտի եռանդուն գործիչներից մեկն է՝ իմ խորհրդականն ու նաև Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ Գագիկ Գևորգյանը», - նշել է նախագահը:

«Արտադրական համալիր լինելուց բացի «Մերիդիանը» հսկայական ցուցահանդեսային կենտրոն է, որն արդեն 6-րդ անգամ ընդունում է «Երևան շոու» ոսկերչական միջազգային ցուցահանդեսը: Վերջինս անց է կացվում Հայաստանի Նախագահի հովանու ներքո: Դրանով մեր պետությունը ընդգծում է այն կարևորությունը, որ մենք տալիս ենք ոսկերչության զարգացմանը, այդ ոլորտում միջազգային համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը, փորձի փոխշահավետ փոխանակմանը, նոր գաղափարների հղացմանը, մասնագիտական ու առևտրային հարաբերությունների հաստատմանը: Պետությունը շարունակելու է քաջալերել այս գոտու գործունեությունը: Մենք ուրախ ենք, որ ոսկերիչների բազմազգ ընտանիքում իր ակտիվ ներգրավվածությունն ունի և իր արժանի ավանդն է ներդնում Հայ ոսկերիչների համաշխարհային ընկերությունը (Էյ-Ջեյ-Էյ)», - ասել է Սերժ Սարգսյանը:

Ելույթի ավարտին Հայաստանի նախագահը ՍԻԲՋՕ-ի նախագահ Գայետանո Կավալիերիին պարգևատրել է Երախտագիտության մեդալով՝ Համադաշնության ծավալած գործունեության, ինչպես նաև հայ ոսկերչական ու ոսկեգործական ավանդույթներն աշխարհում արժանվույնս ներկայացնելու համար:

Սերժ Սարգսյանն այսօր «Մերիդիան» կենտրոնում նաև հանդիպում է ունեցել Քիմբերլիի գործընթացի նախագահ, Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչ Ահմեդ Բին Սուլայեմի հետ, ով Հայաստանում է հոկտեմբերի 24-28-ը անցկացվող ՍԻԲՋՕ-ի ամենամյա համաժողովի շրջանակում:

Հայաստանի նախագահը կարևորել է Քիմբերլիի գործընթացը՝ որպես աշխարհում, այսպես կոչված, «կոնֆլիկտային» կամ «արյունոտ» ալմաստների շրջանառությունը բացառելու նպատակով միջազգային ջանքերի համախմբման ու մասնակից երկրների կողմից հանձնառության վառ օրինակ, ընդգծելով, որ գործընթացի կարևորությունը մեծանում է հատկապես մեր օրերում, երբ աշխարհում ավելացել են հակամարտություններն ու լարվածության նոր օջախները:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը 2003 թվականից միանալով Քիմբերլիի գործընթացին, որը երկրին հնարավորություն է ընձեռել լինել ալմաստների համաշխարհային շուկայի լիիրավ մասնակից, հետևողական է գործընթացի շրջանակներում հանձնառությունների իրականացման հարցում:

Քիմբերլիի գործընթացի նախագահը նշել է, որ Հայաստան է ժամանել նաև որպես Դուբայի առևտրային համայնքի ներկայացուցիչ և ցանկություն ունի Հայաստանի կառավարության հետ քննարկելու ինչպես Քիմբերլիի գործընթացի, այնպես էլ հայ-էմիրաթական առևտրատնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG