Մատչելիության հղումներ

Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանը նախատեսվածից 6 տոկոսով պակաս եկամուտներ է ունեցել: Ըստ Ֆինանսների նախարարության՝ բյուջեն թերակատարվել է մոտ 53 միլիարդ դրամով։ Պակաս հավաքված գումարի առյուծի բաժինն ընկնում է ավելացված արժեքի հարկի վրա․ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում հավաքված ԱԱՀ-ն 36 միլիարդ դրամով ավելի էր։

«Մենք ունենք երեք ամիս ժամանակ, որի ընթացքում պետք է հավաքվի 366-367 միլիարդ, և մենք ունենք հնարավորություն ամսական 90 միլիարդ հավաքելու: Այսինքն, ստացվում է մոտ 85-90 միլիարդի կարգի թերհավաքագրում», - ասում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

2016-ի բյուջեի նախագծով առանց այն էլ նախատեսված էր 190 միլիարդի պակասուրդ, որին արդեն տարվա վերջին կգումարվի, ըստ Խաչատյանի, ևս մոտ 90 միլիարդի դեֆիցիտ․ - «Այստեղ ամենաակտիվը համարվում է դեկտեմբերը, դա էլ՝ կապված առևտրի հետ, բայց արդեն զգացվում է, որ մարդկանց եկամուտները պակասում են և այս ամենը բերելու է նրան, որ դեկտեմբերին էլ ինչ-որ սպասվող ակտիվ տնտեսական միջավայր չի լինելու»:

Առաջին 3 եռամսյակին հարկային մուտքերի նվազումը կապված է նաև ներմուծման ծավալների նկատելի՝ ավելի քան 15 տոկոսի կրճատման հետ։ Խաչատրյանի խոսքով, այս ցուցանիշը, ինչպես նաև ավելի քիչ հավաքված ավելացված արժեքի հարկը խոսում է բնակչության գնողունակության անկման, ինչպես նաև արտագաղթի ծավալների մասին։

«21 ամիս անընդհատ՝ 2014 թվականի դեկտեմբեր ամսից մինչև հիմա, մեզ մոտ առևտրի ծավալները կրճատվում են», - փաստում է տնտեսագետը:

Տնտեսական այսօրվա ծանր վիճակի պատճառը, որի մասին բացահայտ խոսում են նաև Հայաստանի վարչապետը, ըստ Հայ ազգային կոնգրեսի անդամի, վերջին տասնամյակում վարված քաղաքականությունն է, երբ խրախուսվել է մենաշնորհային տնտեսությունը և հատկապես ներմուծումը։ Տնտեսական մեկնաբանի խոսքով՝ ի տարբերություն ճգնաժամային 2009-ի, ավելի քան 5 միլիարդ դոլարի պետական պարտք ունեցող Հայաստանը տնտեսական այս վիճակից դուրս գալու համար այլևս չի կարող մեծացնել արտաքին պարտքը։ Խաչատրյանը չի տեսնում նաև էական քայլեր պետական ծախսերի կրճատման առումով, ինչի մասին պաշտոնավարման առաջին օրերից խոսել է վարչապետ Կարապետյանը։

«Ծախսերի առումով՝ կրճատման մեկ տեղ կա, դա կլինի, ասենք, պետական պարտքի ինչ-որ մի մասը չվճարելը, ասենք՝ ներքին պարտքը: Իսկ արտաքին պարտքը, պարզ է՝ մենք այդ քայլին չենք գնա: Այստեղ արդեն այն հայտնի հարցի պատասխանը կլինի՝ արդյո՞ք անվճարունակ է երկիրը, թե ոչ», - ասում է Վահագն Խաչատրյանը:

Ազգային ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը նկատում է՝ թեև բյուջեն եկամուտների առումով թերակատարվել է, այնուամենայնիվ պետությունը կրճատել է նաև ծախսերը և կարողացել է վճարել աշխատավարձերն ու թոշակները, կատարել իր մյուս պարտավորությունները, հետևաբար պատգամավորը չի կարծում, թե Հայաստանին դեֆոլտ է սպառնում, ինչպես օրեր առաջ նշել էր Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Այդպիսի բան չկա, նման վտանգ ես չեմ տեսնում: Բայց որ ծախսերը կրճատվում են՝ դա կլինի ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների, ավտոմեքենաների, մարդկանց՝ պետական ապարատից նախատեսվում է, որ պիտի կրճատեն, այդ բոլորը արվում է, որպեսզի տեղավորվեն այդ հարյուր կամ ութսունհինգ միլիարդի քիչ հավաքագրումների շրջանակներում», - ասում է Մելքումյանը:

Ըստ պատգամավորի, ստվերի, կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարը կհանգեցնի հարկային մուտքերի ավելացման, իսկ եթե դա տեղի չունենա, ի վերջո լուրջ ճգնաժամն անխուսափելի կլինի։ - «Եթե այդպես երկար շարունակվի՝ մեկ-մեկուկես տարի, իհարկե կհասնի վտանգի, արտաքին վարկեր էլ չեն տա: Բայց հիմա պետք է համակարգային փոփոխություններ արագ նախաձեռնել և տեսնել ինչ արդյունք կլինի», - ասում է Մելքումյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG