Մատչելիության հղումներ

Լավրով. «Բրյուսելը քայքայում է կապերը, դա կհանգեցնի փոխադարձ վստահության կորստի»


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասուլիսում խոսում է Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունների մասին, Մոսկվա, 25 հոկտեմբերի, 2016թ.

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում գումարված Եվրոպական բիզնեսի ընկերակցության հավաքում ասել է, որ Եվրամիությունում հակառուսական տրամադրությունները Միացյալ Նահանգներն է խթանում:

Արգելափակվում են զուտ առևտրային ծրագրեր, որոնց արդեն հավանության են արժանացրել ԵՄ անդամ-երկրները և էներգետիկ ընկերությունները: Նախարարի պնդմամբ, Բրյուսելը քայքայում է հաստատված կապերը, հրաժարվում է տնտեսության ոլորտում Ռուսաստանի հետ երկկողմ համագործակցությունից, ինչն, ի վերջո, կհանգեցնի փոխադարձ վստահության կորստի:

«Աշխարհի ներկայիս, մեղմ ասած, ոչ հուսալի վիճակը աշխարհաքաղաքական զեղծարարությունների, ներքին գործերին միջամտելու, անցանկալի ռեժիմներից ազատվելու, այդ թվում՝ ուժով փոխելու փորձերի ուղղակի հետևանք է», - ասել է Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքերով, անցած 2.5 տարվա ընթացքում Եվրահանձնաժողովը մի քանի անգամ առաջարկել է ամբողջությամբ վերականգնել էներգետիկայի բնագավառում Ռուսաստանի հետ երկխոսությունը, սակայն Բրյուսելը խոսքից գործի չի անցել:

Ըստ Լավրովի, սա նախևառաջ վերաբերում է «Հարավային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» անուններով հայտնի էներգետիկ ծրագրերին:

«Մենք մեր մոտեցումները երբեք չենք հիմնի գաղափարախոսության վրա, մենք միշտ բաց կլինենք ազնիվ և փոխշահավետ երկխոսության համար՝ լուծելու հարցերը, որոնք մեր մեղքով չեն առաջացել, բայց հետայսու հին ձևով աշխատել այլևս չի լինի, կշարունակենք, միայն համոզվելով, որ մեր գործընկերներն էլ ցանկանում են ազնիվ աշխատել»,- ասել է Լավրովը:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը Մոսկվայում այսօր գումարված Եվրոպական բիզնեսի ընկերակցության հավաքում ասել է, թե ըստ հեղինակավոր փորձագետների, Եվրոպական միության անդամ երկրներին դեռ շատ երկար ժամանակ անհրաժեշտ կլինեն ռուսական էներգակիրները: Նախարարն այդ փորձագետների անունները չի նշել:

Նա անդրադարձել է նաև պատժամիջոցների թեմային, և ակնարկը նախևառաջ հասցեագրելով Միացյալ Նահանգներին՝ ասել է, որ «որոշ արևմտյան երկրներ պնդում են, թե իբր Ռուսաստանի նպատակն է քայքայել Եվրոպական միությունը, հետևաբար, հարկ է կազմել միասնական հակառուսական ճակատ, սահմանել պատժամիջոցներ և ռուսներին չտրամադրել անհրաժեշտ տեխնոլոգիաներ»:

«Մենք ինքներս դա կանենք, արդեն անում ենք, և արդեն մի շարք բնագավառներում դարձել ենք ինքնաբավ երկիր»,- ասել է Լավրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG