Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնումը ՄԽ համանախագահների այցի հիմնական խնդիրներից մեկն է


Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լրագրողների հետ հանդիպմանը: 25-ը հոկտեմբերի, 2016 թ․

Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ Անջեյ Կասպշիկի գլխավորած դիտորդական խմբի ընդլայնման վերաբերյալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին շարունակում են հավատարիմ մնալ բոլոր կողմերը․ - «Կա պայմանավորվածություն ընդլայնելու դեսպան Կասպշիկի առաքելությունը, և այստեղ մեր այցի նպատակն է աշխատել մի քանի դետալների վրա այդ պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար: Հետաքննական մեխանիզմների հարցը ևս շարունակում է մնալ սեղանին: Մենք՝ համանախագահներս, լիովին աջակցում ենք դրան: Նախագահները համաձայնել են դիտարկել հետաքննական մեխանիզմների նախագիծ, դա հարց է, որով ևս պետք է զբաղվել»:

Ղարաբաղյան կարգավորման միջազգային միջնորդները՝ Եվրոպային անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները Երևան են եկել Բաքվում և Լեռնային Ղարաբաղում հանդիպումներ անցկացնելուց հետո:

Այսօր նախատեսված է Մինսկի խմբի համանախագահների հանդիպում նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև Պաշտպանության ու Արտաքին գործերի նախարարների հետ:

Ե՞րբ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը․ այս հարցին ամերիկացի դիվանագետը դեռ պատասխան չուներ՝ ասելով, որ իրենք ցանկանում են նման հանդիպում կազմակերպել, երբ երկու երկրների առաջնորդները պատրաստ լինեն:

Ռուսաստանյան և ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքվում ասուլիսի ժամանակ Ուորլիքն ընդգծել էր, թե նախագահների հանդիպումների կարևոր թեմաներից մեկը «օկուպացված տարածքների ազատումն է»:

«Ազատության» հարցին ի պատասխան, ամերիկացի համանախագահը չհերքեց, որ նման հայտարարություն է արել և կոչ արեց ընդհանուր կոնտեքստից ոչինչ չառանձնացնել․ - «Կարգավորման բոլոր բաղադրիչները պետք է լինեն սեղանին և քննարկվեն: Դուք չեք կարող ընտրել մեկ հարց և հանեք այն կոնտեքստից: Պետք է լինի քննարկում Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքների վերադարձի մասին, բայց պետք է լինի նաև անկեղծ քննարկում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: Կան նաև այլ հարցեր․ մենք պետք է խոսենք նաև փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի վերաբերյալ: Պետք է անկեղծ խոսենք, թե միջազգային խաղաղապահ զորքն ինչ տեսք է ունենալու և ինչ լիազորություններ է ունենալու, ինչպես նաև միջանցքի վերաբերյալ քննարկում պետք է լինի: Այս բոլորը միասին կազմում են համակարգային կարգավորումը»:

Շուրջ տասն օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը տված ծավալուն հարցազրույցում հայտարարել էր, որ ինքնավար հանրապետության կարգավիճակն է այն առավելագույն փոխզիջումը Ղարաբաղի հարցում, որին պատրաստ է այսօր գնալ Ադրբեջանը:

Ամերիկացի համանախագահը Երևանում ասաց, որ ողջունում է Ալիևի հայտարարությունը, քանի որ այն հիմք է դնում Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ քննարկմանը․ - «Նախագահ Ալիևը բացել է քննարկում Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, բոլորս սա պետք է ողջունենք: Մենք պետք է ունենանք անկեղծ քննարկում Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ․ կողմերի դիրքորոշումները կարող են չհամընկնել, բայց կարևոր է, որ այս հարցերը դրվեն հանրային քննարկման Հայաստանի, Ադրբեջանի, և Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից: Այսպիսով, ես ասել եմ Բաքվում և կրկնում եմ այստեղ, որ մենք ողջունում ենք նախագահ Ալիևի հայտարարությունը ոչ թե որովհետև դա վերջին խոսքն է, այլ որովհետև նա այս հարցը դնում է քննարկման: Եվ բոլոր հարցերը, որ մասն են կազմում կարգավորման պետք է դրվեն քննարկման ոչ միայն մասնավոր կերպով, այլ լայն հանրության համար»:

Ուորլիքն իր խոսքը եզրափակեց՝ ասելով, որ բանակցային սեղանին շարունակում են գտնվել Ղարաբաղյան համակարտության այն բաղադրիչները, որոնք քննարկվել են տարիներ շարունակ, և այդ առումով որևէ փոփոխություն չկա:

XS
SM
MD
LG