Մատչելիության հղումներ

Վերջին երեք կառավարություններից ամենաշատ կողմ ձայները ստացել է Կարապետյանի կառավարության ծրագիրը


Վերջին երեք կառավարության ծրագրերից ամենաշատ կողմ քվեներին արժանացել է Կարեն Կարապետյանի ծրագիրը, որ ընդունվեց օրերս ձայների 85 կողմ, 7 դեմ և 6 ձեռնպահ հարաբերակցությամբ։

Համեմատության համար նշենք, որ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած ծրագրին 2014 թվականին կողմ է քվեարկել 70 պատգամավոր, իսկ 2013-ին Տիգրան Սարգսյանի ծրագրին՝ 76 պատգամավոր։

Տիգրան Սարգսյանի ներկայացրած ծրագիրն ամենաշատ դեմ քվեներն է ստացել, այն դեպքում, երբ Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի ծրագրերին քաղաքական որոշ ուժեր պարզապես չեն քվեարկել։

Հովիկ Աբրահամյան, արխիվ
Հովիկ Աբրահամյան, արխիվ

«Ես կարծում եմ, որ չէին ուզում ասել «ոչ» և նաև չէին կարող ասել «այո»։ Մեկը մեկից երևի քաշվում են», - լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր Աբրահամյանը։

Տիգրան Սարգսյանի ծրագրի քվեարկության ժամանակ 41 պատգամավոր «Դեմ» կոճակն է սեղմել։

Կոռուպցիայի և մենաշնորհի դեմ պայքարի խոստումները կրկնվում են ծրագրից ծրագիր։ 2013 թվականին Տիգրան Սարգսյանը խոսում էր մտածելակերպի հեղափոխության մասին։

Տիգրան Սարգսյան, արխիվ
Տիգրան Սարգսյան, արխիվ

«Վարքագծային կանոնների փոփոխությունը, որը կստեղծի օրինապաշտ միջավայր, միջավայր, որում արտոնյալ կարգավիճակը, պաշտոնական դիրքի չարաշահումը, կոռուպցիան օրենքից վեր դասվելը տեղ չունեն և դատապարտելի են բոլորի կողմից։ Այո, սա հեղափոխություն է, հեղափոխություն, որ մենք կիրականացնենք ոչ թե հրապարակներում, ոչ թե փողոցներում, այլ մեր մտածելակերպում», - ասել էր Սարգսյանը։

Հովիկ Աբրահամյանն այնուհետև պնդում էր, որ ցանկացած ոք կարող է բենզին ներկրել: «Որ որևէ մեկին չի սահմանափակվում, որևէ ընկերություն, որ ցանկություն ունի զբաղվել հեղուկ վառելիքի ներկրումով, կարող են ներկրել և զբաղվել այդ բիզնեսով», - հայտարարել էր Աբրահամյանը։

Չնայած այս պնդումներին, նույն հարցին ստիպված է անդրադառնալ նաև նոր վարչապետ Կարեն Կարապետյանը։

Կարեն Կարապետյան, արխիվ
Կարեն Կարապետյան, արխիվ

«Մոնոպոլիայի դեմ պայքարը կամ դեմն առնելը, հավասար, արդար դաշտ ստեղծելը, իսկ կոռուպցիայի դեմ ո՞նց ենք պայքարելու, ասեցի, որ պետք է միջավայրը փոխենք, որպեսզի և՛ որոշում կայացնելը սարքենք ավելի թափանցիկ հանրության համար, ավելի հասկանալի, և՛ եթե փաստեր լինեն, պետք է օգտագործել և կիրառել այն օրենքը, որը դուք ասում եք, որ գոյություն ունի, որպեսզի դեմն առնենք։ Երբ որ իմանաք, որ նման խոչընդոտ կա, անձամբ ինձ զանգահարում եք», - ասել էր վարչապետը։

Ինչ վերաբերում է սոցիալական և տնտեսական վիճակի մասին խոստումներին, ապա նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը երեք տարի առաջ ծրագրում էր 2013-ից 2017 թվականներին ապահովել 5-ից 7 տոկոս տնտեսական աճ, առնվազն կրկնապատկել նվազագույն աշխատավարձը, 10 տոկոսով կրճատել աղքատությունը, ստեղծել 100 հազարից ավելի նոր աշխատատեղեր։

«Զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում համախառն ներքին արդյունքի 5-ից 7 տոկոսի աճի ապահովման միջոցով։ Ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ապահովում, նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում», - հայտարարել էր Տիգրան Սարգսյանը։

Նրան հաջորդած և մոտ երկուսուկես տարի գործադիրը ղեկավարած Հովիկ Աբրահամյանն էլ մոտավորապես նույն խոստումներն էր տալիս՝ եռամյա ծրագրով տարեկան 5 տոկոս տնտեսական աճ ապահովել, նվազագույն աշխատավարձը դարձնել 65 հազար դրամ, աղքատությունը 35-ից դարձնել 25 տոկոս։ «Բարեկեցիկ կյանք ապահովող վաստակ ունենալու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապահովելու է աշխատավարձերի համակարգված աճ, այս աճը լինելու է հետևողական և համաչափ՝ միտված առկա աշխատատեղերը պահպանելուն և նորերի ստեղծումը խթանելուն», - հայտարարել էր Աբրահամյանը։

Իրականությունը, սակայն, հետևյալն է՝ տնտեսական աճը 2013-ից ի վեր չի անցնում 4 տոկոսը՝ տատանվելով 3-ից 3.5-ի շրջակայքում, աղքատության ցուցանիշը թեև վերջին տարիներին նվազում է, սակայն չի իջել 30 տոկոսից: Հայտնի չէ, թե քանի աշխատատեղ է ստեղծվել, սակայն գործազրկությունն աճում է, նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամ է՝ խոստացված 65 հազարի փոխարեն։

Նոր կառավարությունը նվազագույն աշխատավարձը բարձրացնելու խոստում չի տալիս: «Աղքատության և գործազրկության դեմ պայքարի ֆունդամենտալ միջոցը տնտեսության կայուն զարգացումն է», - ասել է վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG