Մատչելիության հղումներ

«Երևան» բժշկական կենտրոնը փակման եզրին է


Պատճառը երկու սեփականատերերի՝ կենտրոնի գլխավոր վիրաբույժ Տարոն Տոնոյանի և Հայկ Բալայանի վեճն է:

8 տարի առաջ մասնավորեցված հիվանդանոցն այսօր հոսանքազրկված է, հիվանդներ գրեթե չկան, աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել:

Ավելի քան հարյուր բուժաշխատողներ կարող են կորցնել աշխատանքը հիվանդանոցի երկու սեփականատերերի վեճի պատճառով:

Սեփականատերերից մեկը՝ Տարոն Տոնոյանը պնդում է, որ երկրորդ սեփականատեր Հայկ Բալայանը (հայտնի հրապարակախոս և գրող Զորի Բալայանի որդին) հոր հետ միասին ցանկանում է խլել իր բիզնեսը:

Պետեկամուտների կոմիտեն ԲԿ-ում խախտումներ է արձանագրել, կալանք է դրել հաշիվների վրա, դրանք ժամանակին չվճարելու գործով քրեական գործ է հարուցվել:

Տոնոյանի խոսքով՝ Հայկ Բալայանը դիտավորյալ իրեն մեղադրում է յուրացումներ մեջ, որպեսզի դառնա տնօրեն․ - «Սա ծրագրված սցենարով, սխեմատիկ բերվել է էս վիճակին է հասցվել․․․ Հիմա քրեական գործ կա հարուցված ընկերության վրա, որի պատասխանատուն էդ տարիներին ես եմ եղել: Սա իմ խոցելի կողմն ա: Եվ իմ գործընկերը փորձում ա ամեն գնով էդ խոցելի պահը օգտագործել: Հիմնական նպատակն է՝ «Երևան» բժշկական կենտրոնը առանց ինձ»:

«Հայկ Բալայանը, կարծում եմ, առանց իր հայրիկի որևէ քայլ չի անում», - հավելեց Տոնոյանը:

Հայկ Բալայանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում ընդգծեց, որ այլևս ոչ մեկին չի վստահում, հատկապես՝ «հարազատներին գործի տեղավորող և հիվանդանոցի բյուջեն յուրացնող» Տոնոյանին:

Նրա պնդմամբ՝ հենց Տոնոյանն է կրում հիվանդանոցի այսօրվա վիճակի պատասխանատվությունը․ - «Բացահայտ խաբեությունը և՛ հիմնարկին, և՛ ինձ առաջացրել են մեր տարաձայնությունները: Որից հետո ես առաջարկել եմ չդիմել իրավապահ մարմիններին, փակենք էջը, սկսենք նոր էջից՝ փորձելով վստահել, որ էս ամեն ինչը էլ չշարունակվի, ես լինեմ տնօրեն, ես շարունակեմ տնօրենի գործառույթները: Որին նա կտրուկ դեմ է եղել: Ես նորից պնդել եմ՝ 7 տարի դու ես եղել, հիմա էլ ես շարունակեմ, ասել է ոչ: Դրանից հետո սկսվել են մեր խնդիրները: Իր անբարեխիղճ աշխատանքի հետևանքով հիվանդանոցը ընկավ այս օրը: Ինչ վերաբերում է Զորի Բալայանի անունը շահարկելուն, դա խղճուկ մարդու արտահայտման ձև է՝ ինքնահաստատվելու նպատակով»:

Իսկ հիվանդանոցի բժիշկները այս վեճի ընթացքում բողոքում են, որ չեն կարողանում անգամ աշխատանքից ազատվել, քանի որ չկա տնօրեն, որը կմակագրի իրենց դիմումները:

«Ես հասկանում եմ, որ մենք սեփականատեր չենք և չենք կարող խառնվել իրենց վեճին: Բայց ստեղ մի կարևոր խնդիր կա․ մենք երրորդ կողմ ենք հանդիսանում․․․ », - ասաց սոմատիկ բաժանմունքի վարիչ, հիվանդանոցում երեք տասնամյակ աշխատած Լևոն Շահինյանը:

Առողջապահության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, թե չեն կարող միջամտել մասնավոր հիվանդանոցում ծագած խնդիրներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG