Մատչելիության հղումներ

Թրամփի շտաբն ընդունում է, որ նրա վարկանիշը զիջում է Քլինթոնին


Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբն ընդունում է, որ միլիարդատեր գործարարի վարկանիշը զիջում է մրցակցին:

«Մենք, սակայն, չենք հանձնվում և գիտենք, որ ի վերջո կարող ենք հաղթել», - նախօրեին NBC-ի եթերում հայտարարել է Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Քելիեն Քոնվեյը:

Սոցիոլոգիական վերջին հարցումները փաստում են, որ նախկին պետքարտուղարի վարկանիշը շարունակաբար աճում է: Ընդ որում` նաև այն նահանգներում, որոնք կարող են վճռորոշ լինել քվեարկության արդյունքների համար:

Դրանց համաձայն, առաջիկա ընտրություններում դեմոկրատ Քլինթոնին կարող են սատարել նաև Յուտան կամ Արիզոնան, որոնք ավանդաբար եղել են հանրապետականների ամրոցը:

Փորձագետները փաստում են, որ ներգաղթյալների մասին Թրամփի աղմկահարույց ու կոշտ հայտարարությունները աջակցություն չունեն Արիզոնայի՝ հիմնականում իսպանախոս համայնքում:

Դա առավել ակնհայտ դարձավ օրերս, երբ Միացյալ Նահանգների առաջին տիկին Միշել Օբամայի հրավիրած հանրահավաքին անհամեմատ ավելի շատ մարդ մասնակցեց, քան նույն վայրում Թրամփի՝ ավելի վաղ անցկացրած միջոցառմանը:

«Ես ճանապարհորդել եմ աշխարհով մեկ և կարող եմ ասել, որ մենք բախտ ունենք ապրել մի երկրում, որտեղ ընտրողներն են որոշում քվեարկության արդյունքը, ընտրողներն են որոշում՝ ով է հաղթում կամ պարտվում: Իսկ երբ նախագահի թեկնածուն սպառնում է չընդունել մեր ձայներն ու մերժել ընտրությունների արդյունքը, ստվերում է ամերիկյան ժողովրդավարության բուն գաղափարը: Մենք սա չենք կարող հանդուրժել», - հայտարարեց ԱՄՆ առաջին տիկինը:

Իր հնարավոր պարտության մասին Դոնալդ Թրամփը առաջին անգամ խոսեց անցած շաբաթավերջին՝ հայտարարելով, թե ամեն դեպքում գոհ կլինի ինքն իրենից:

Եվ որքան մոտենում է վճռորոշ եզրագիծը, այնքան ավելի համառ են դառնում նրա պնդումները հնարավոր կեղծիքների ու խախտումների մասին: «Ընտրացուցակներում 1․8 միլիոն մահացած մարդու անուն կա, և նրանցից ոմանք քվեարկում են, ես հարցնում եմ՝ ինչպե՞ս, ինչպե՞ս են նրանք գերեզմանից քվեարկության գնում: 2․8 միլիոն մարդ կա, որ գրանցված է ավելի քան մեկ նահանգում, որ կարող են մեկ այստեղ ձայն տալ, հետո գնալ՝ երկրորդ անգամ քվեարկելու: Կեղծիքները շատ են, սակայն մենք պատրաստվում ենք նոյեմբերի 8-ին հաղթել ու ջախջախել այս համակարգը», - օրեր առաջ Օհայոյում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածուն:

Հինգ տարբեր հարցումների հիման վրա BBC-ի անցկացրած ուսումնասիրությունը փաստում է, որ այս պահի դրությամբ նախկին պետքարտուղարի օգտին պատրաստ է քվեարկել ամերիկացիների 47 տոկոսը, հանրապետական Դոնալդ Թրամփի օգտին՝ 43:

Առաջիկա երկու շաբաթներին թեկնածուները հանդիպումներ կանցկացնեն՝ չկողմնորոշվածների շուրջ 10 տոկոսանոց բանակը գրավելու համար: Ակնկալվում է, որ երկու ճամբարներն էլ ուժերը կկենտրոնացնեն Օհայոյում, Հյուսիսային Կարոլինայում և Ֆլորիդայում: Այս նահանգներում մրցակիներից որևէ մեկին առայժմ չի հաջողվել հասնել ակնհայտ առավելության:

«Սրանք ամենակարևոր ընտրություններն են Ամերիկայի պատմության մեջ», - հայտարարել է Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ռոբի Մուկը՝ կանխատեսելով․ - «Նոյեմբերի 8-ին ընտրատեղամասեր կգա ավելի շատ մարդ, քան երբևէ ամերիկյան պատմության ընթացքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG