Մատչելիության հղումներ

Իշխող Հանրապետականը չի բացառում, որ Հայաստանում եղել են դեպքեր, երբ գործարարներն ապրանքների ներկրման հետ կապված խնդիրներ են ունեցել:

Հիշեցնենք, անցած շաբաթ մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում վարչապետ Կարեն Կարապետյանն ասել էր, որ ամեն մարդ այսօր կարող է ցանկացած ապրանք ներկրել «առանց պրոբլեմի»: «Երբ որ իմանաք, որ նման խոչընդոտ կա, անձամբ ինձ զանգահարում եք», - ասել էր վարչապետը։

Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին այսօր հարցրեցինք, թե ինչո՞ւ օրենքը գործելու փոխարեն, պետք է զանգել վարչապետին: «Չենք բացառում, որ կարող է եղել են նաև նման դեպքեր, եթե կան նման դեպքեր, բնականաբար, հենց իր որդեգրած քաղաքականությունը հենց դրան է վերաբերում, որ պետք է այդ խոչընդոտները վերացվեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։

Վահրամ Բաղդասարյան, արխիվ
Վահրամ Բաղդասարյան, արխիվ

«Ազատություն». - Վարչապետը պե՞տք է ասեր, որ օրենքը չխախտվի։

Բաղդասարյան. - Վարչապետն ասում է՝ «եթե օրենքը կխախտվի, ես պատրաստ եմ ձեր ահազանգերին պատասխանելու և այդ խնդիրները կարգավորելու»։

«Ազատություն». - Երկու տարի առաջ նույնը կրկնում էր նաև Հովիկ Աբրահամյանը, երկու տարի հետո եկավ Կարեն Կարապետյանն ու նորից ասում է՝ «ով, ինչ ուզում է, կարող է ներկրել», իրավիճակ չի փոխվում։

Բաղդասարյան. - Բայց կա՞ն նման դեպքեր, Դուք ասեք՝ կա՞ն նման դեպքեր, կամ նախկինում եղե՞լ է, որ մեկը ցանկացել է և չի ներկրել, դեպք չի եղել։

«Ազատություն». - Տրամաբանական չէ՞, որ եթե վարչապետը խոսում է այդ մասին, ուրեմն խնդիրը կա, այլապես չէր խոսի այդ մասին։

Բաղդասարյան. - Արդեն մենք սկսում ենք հարցուպատասխանը բառախաղի վերածել. եթե բարձրացնում են հարցը, վարչապետն ասում է՝ «եթե կլինեն նման խնդիրներ, ես պատրաստ եմ ձեր զանգերին պատասխանելու և խնդիրներին լուծումներ տալու, եթե կլինեն նման խնդիրներ»։

«Ազատություն». - Վարչապետի այդ խոսքը բավարա՞ր է։

Բաղդասարյան. - Ինձ թվում է՝ այո, ինքը խոսքի մարդ է։

Համլետ Հարությունյան
Համլետ Հարությունյան

Հանրապետական մեկ այլ պատգամավոր Համլետ Հարությունյանն ընդգծում է, որ չի կարող ժխտել՝ մենաշնորհ կա երկրում, և որ բոլոր չէ, որ կարող են ցանկացած ապրանք անարգել Հայաստան ներկրել: «Որքան որ դա եղել է, ոչ մեկը չի ժխտում, եթե մենք օլիգարխիա տերմինն օգտագործում ենք և ոչ մեկը մեզ դատի չի տալիս, ուրեմն կա չէ՞ դա, և մենք պայքարում ենք դրա դեմ։ Ինչքանո՞վ մեզ դա կհաջողվի, ես արդեն ասել չեմ կարող», - ասաց Հարությունյանը։

Հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանն էլ վստահ է՝ այն, ինչ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը իրականություն կդառնա, ընդամենը պետք է աջակցել նրան:

«Ազատության» դիտարկմանը, թե բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելու խոստում երկու տարի առաջ տվել էր նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Մովսիսյանն արձագանքեց. - «Հովիկ Աբրահամյանը որովհետև թիմի անդամ էր, եղել է թիմի անդամ և կա հիմա էլ, դրա համար մի տեսակ հավատքով չէիք ներշնչում ընդհանրապես ազգի մեջ, բայց էս մարդը նոր է եկել, նա թիմի անդամ չի եղել, կուսակցական չի եղել, ընդամենը մենք իմանում ենք, որպես խելացի, գրագետ, բարի և գործունյա, որովհետև գազի ժամանակ աշխատել ա, էն նեղ վիճակում, որ ազգը պատերազմի մեջ էր, գազը չի կտրվել, էդ ամեն ինչում ինքը տիրապետել է։ Հիմա էսօր եկել է վարչապետ, ես գտնում եմ, որ մենք էլ պետք է թև ու թիկունք լինենք, որ իրա գործերը ստացվի»:

Առաքել Մովսիսյան, արխիվ
Առաքել Մովսիսյան, արխիվ

«Ազատություն». - Օրինակ, դուք ինչպե՞ս եք աջակցելու։

Մովսիսյան. - Ես, որ չվերցնեմ հեռախոսը, չզանգեմ, ասեմ՝ «արա, Շմայսն ա, էս հարցը լուծի», ոչ, ես ինչ հնարավորություն ունեմ՝ օրենքի տառին համապատասխան ապրում եմ, դա արդեն աջակցություն է։

«Ազատություն». - Չե՞ն գտնվի ձեր ներսում անձինք, ովքեր նրա դեմ կպայքարեն։

Մովսիսյան. - Եթե հանրապետության նախագահը վստահորեն հայտարարեց, որ վարչապետին ամեն ինչով աջակցելու ենք, չեմ գտնում, որ որևէ մեկը ի վիճակի կլինի, կամ հնարավորություն կունենա, կամ կփորձի նախագահի խոսքից անցնել։ Երկրորդն էլ՝ իրա համեստությանը՝ վարչապետի, մի խաբնվեք, եղավ, ոչ էլ հագուկապին, ինքը շատ զգոն, դուխով, շնորհքով, հստակ պատասխաններով, նաև որպես տղամարդ, ամեն ինչով էլ ինքը կարող ա իր փոխարեն պատասխանները տա։

Եթե Հանրապետականները անվերապահորեն հավատում են, որ Կարեն Կարապետյանին կհաջողվի լուծել մենաշնորհների հարցը, ապա, ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը առաջարկում է խնդիրը լուծել, ոչ թե Կարեն Կարապետյանին զանգահարելու, այլ լսումներ կազմակերպելու և խնդիրները կոնկրետ քննարկելու միջոցով:​

Լևոն Զուրաբյան, արխիվ
Լևոն Զուրաբյան, արխիվ

​«Եկեք այս հարցերն իսկապես դարձնենք լուրջ քննարկման առարկա։ Շատ կարևոր է, որ թափանցիկ քննարկվեն այս հարցերը, մենք հասկանանք՝ ինչ է կատարվում», - ասաց Զուրաբյանը։​

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսպես արձագանքեց. - «Իհարկե միշտ էլ կարող ենք լսումներ անցկացնել, համենայն դեպս, նախ փաստեր են պետք, առավել ևս, եթե վարչապետն այդ մասին խոսել է, առաջիկայում իր բանաձևը կներկայացնի։ Ինձ թվում է՝ անհրաժեշտ է մի փոքր սպասել, տեսնել կառավարությունն ինչ է անում, այդ իմաստով, նաև հրավիրել կառավարությանը, եթե անհրաժեշտություն լինի»։

Գալուստ Սահակյան, արխիվ
Գալուստ Սահակյան, արխիվ

Ելույթից հետո «Ազատության» հետ զրույցում Լևոն Զուրաբյանն ընդգծեց՝ մենաշնորհի դեմ պայքարը քաղաքական կամքի հարց է, այն պահին, երբ իրական մրցակցություն լինի, և ցանկացած ընկերություն կարողանա ներկրել ինչ ուզում է, ապա դա միանգամից կհանգեցնի ապրանքների էժանացմանը: «Պետրոս Ղազարյանի զանգը վարչապետին չի կարող լինել մենաշնորհների դեմ պայքարի լավագույն գործիքը։ Ես չեմ ուզում նսեմացնել Պետրոս Ղազարյանի դերը մեր քաղաքական և տնտեսական համակարգում, բայց կարծում եմ, որ ոչ ոք չի համարի, որ դա գործող երաշխիք կարող է դառնալ մրցակցային մթնոլորտի ապահովման համար», - ասաց ՀԱԿ պատգամավորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG