Մատչելիության հղումներ

Բան Կի-մուն. «ՄԱԿ-ի 71-րդ տարում մենք ունենք 17 նպատակ, որոնք մեզ մղելու են դեպի ավելի լավ ապագա»


Բան Կի-մուն, արխիվ
Բան Կի-մուն, արխիվ

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Բան Կի-մունը ուղերձ է հղել հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի օրվա առթիվ:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի փոխանցմամբ, ուղերձում մասնավորապես ասված է. - «Այս տարի ՄԱԿ-ի օրը նշվում է թե՛ աշխարհի, թե՛ ՄԱԿ-ի համար անցումային ժամանակահատվածում: Մարդկությունը թևակոխել է կայունության դարաշրջան՝ «Կայուն զարգացման օրակարգ-2030»-ի մեծ պարտավորությունն իրականացնելու համաշխարհային հանձնառությամբ: Եվ ահա, կազմակերպության 71-րդ տարում մենք ունենք 17 նպատակ, որոնք մեզ մղելու են դեպի ավելի լավ ապագա բոլորի համար՝ առողջ մոլորակի վրա:

Աշխարհն, ի վերջո, հաղթահարում է այն մտակերտվածքը, որի համաձայն բարգավաճման տանող ուղին էներգակիրների այրումն է: Ռեկորդային բարձր ջերմաստիճանի պայմաններում անդամ երկրները ռեկորդային ժամանակահատվածում ընդունել են կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը: Այս շրջադարձային միջոցն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 4-ին: Այդ պատմական մեկնակետն ամփոփում է ավելի կանաչ, մաքուր և սակավ ածխածնային զարգացման մեր լավագույն հնարավորությունը:

Միավորված ազգերի կազմակերպությունը ևս անցումային փուլում է. 8-րդ գլխավոր քարտուղարին փոխարինելու է գալիս 9-րդը: Ես պատիվ եմ ունեցել վերջին 10 տարիներին ծառայելու ՄԱԿ-ի ժողովուրդներին: Մենք միասին դրել ենք համատեղ առաջընթացի լուրջ հիմք: Եվ այդ հիմքի վրա պետք է կառուցենք՝ ավելի ջանասիրաբար աշխատելով կանանց զորացման, երիտասարդների ներգրավման ու բոլորի մարդու իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: Բայց մենք նաև ահռելի հիասթափություններ ենք ունեցել, այդ թվում՝ չլուծված հակամարտությունները, որոնք անսահման տառապանքների պատճառ դարձան փոթորկված Մերձավոր Արևելքում, Հարավային Սուդանում, Սահելում և այլուր: Բռնության ու աղետի այս և այլ առաջնագծերում ՄԱԿ-ի խիզախ անձնակազմը շարունակում է լինել իրավիճակի կիզակետում ու արձագանքել խոցելի վիճակում գտնվողների ծանր կացությանը:

Շնորհակալ եմ աշխարհի բոլոր մարդկանց իրենց աջակցության համար և հորդորում եմ անմնացորդ սատարել նորանշանակ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ շարունակելու համաշխարհային խաղաղությանը, կայուն զարգացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մեր առաքելությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG