Մատչելիության հղումներ

Ստեֆան Վիսկոնտին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի նոր համանախագահ


Ստեֆան Վիսկոնտի, լուսանկարը՝ Լատվիայում Ֆրանսիայի դեսպանության պաշտոնական կայքէջից

ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիան փոխել է իր համանախագահին: Նոր համանախագահ է նշանակվել դիվանագետ Ստեֆան Վիսկոնտին: Նա փոխարինելու է Պիեռ Անդրիոյին, ով Մինսկի խմբում համանախագահ էր 2014 թվականից:

Ֆրանսիայի կառավարության կայքէջում հոկտեմբերի 19-ին տեղադրված արձանագրությունը նախարարների խորհրդի կատարած մի շարք նոր նշանակումների մասին է, այդ թվում՝ սեղմ տեղեկատվություն, որ Ստեֆան Վիսկոնտին նշանակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիան ներկայացնող համանախագահ: Երեկ նախագահ Ֆրանսուա Օլանդը ստորագրել է համապատասխան հրամանագիրը, այն հրապարակված է Legifrance.gouv.fr կայքում։

Վիսկոնտին ծնվել է 1962 թվականին Փարիզում: Մասնագիտությամբ տնտեսագետ է: Ուսման ընթացքում մասնագիտացել է ԽՍՀՄ-ի, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ կապերի գծով:

Մինչ նոր նշանակումը ֆրանսիացի դիվանագետի պաշտոնավարման վերջին վայրը Ռիգան էր՝ նա Ֆրանսիայի դեսպանն էր Լատվիայում: Լատվիացի Սերգեյս Պոտարկինսը Ֆեյսբուքի իր էջում երեկ գրել է, որ վաղը Ռիգային հրաժեշտ կտա լավ ընկեր ու տաղանդավոր դիվանագետ, Լատվիայում Ֆրանսիայի դեսպան Ստեֆան Վիսկոնտին:

Վիսկոնտիի կենսագրականում, որը տեղադրված է դեսպանության կայքէջում, նշված է, որ նա աշխատանքային կարիերան սկսել է Կանադայից, 1985-86 թվականներին աշխատել է Վանկուվերում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության տնտեսական առաքելությունում, այնուհետև՝ Ֆրանսիայի արտգործնախարարության վարչություններում: 2002-2005 թվականերին նշանակվել է Սանկտ Պետերբուրգում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոս, այնուհետև՝ Փարիզի քաղաքապետի խորհրդական միջազգային հարցերով, Մյունխենում գլխավոր հյուպատոս, իսկ 2013-ի սկզբից արդեն՝ արտակարգ և լիազոր դեսպան Լատվիայի Հանրապետությունում: Կենսագրությունում նշված է, որ նա խոսում է մի շարք օտար լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, շվեդերեն, թուրքերեն և վրացերեն:

Հոկտեմբերի 19-ին Վիսկոնտին հրաժեշտի հանդիպում է ունեցել Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսի հետ: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում ներդրած ջանքերի համար:

Օրեր առաջ՝ հոկտեմբերի 17-ին Լատվիայի նախագահը Վիսկոնտիին պարգևատրել է Երեք աստղի շքանշանով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG