Մատչելիության հղումներ

Ադրբեջանը որպես զիջում առաջարկում է մի բան, որից շատ ավելին Արցախն ունի այսօր․ Նալբանդյան


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ելույթ է ունեցել Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովին:

Արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է. - «Ես նախկինում էլ եմ ասել, բայց, ծանոթանալով Բաքվից հնչող վերջին հայտարություններին, ստիպված եմ կրկնել` Ադրբեջանում կորցրել են իրականության զգացումը: Այն աստիճան են կորցրել, որ իրենք իրենց ներքին օգտագործման համար հնարած միֆերը փորձում են հրամցնել արդեն ոչ միայն սեփական հասարակությանը, այլև միջազգային հանրությանը:

Բաքուն պնդում է, թե պատրաստ է փոխզիջումների: Որո՞նք են, ըստ ադրբեջանական կողմի, իրենց զիջումները. Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովո՞ւմը, ինչպես իրենք են առաջարկում, երկու ժողովուրդների միջև խաղաղ գոյակցությո՞ւնը: Սա արդեն նման է ոչ թե զիջման, այլ` սպառնալիքի. եթե չանեք մեր ասածը, ապա խաղաղություն չի լինի: Ինքնավարության տրամադրո՞ւմը: Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանը որևէ վերահսկողություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի վրա, առավելևս այսօր։ Իսկ հիմա իր վերահսկողության տակ ինքնավարությո՞ւն է առաջարկում, և դա մատուցում է որպես զիջո՞ւմ։ Այսինքն՝ որպես զիջում առաջարկում է մի բան, որից շատ ավելին Արցախն ունի այսօր։

Ադրբեջանի ղեկավարությունը իր վերջին հայտարարություններում պնդում է, թե եռանախագահների առաջարկությունները համահունչ են իրենց մոտեցումների հետ: Բայց այս հայտարարություններից ընդամենը օրեր առաջ Ադրբեջանի նախագահը խոստովանեց, որ միջազգային հանրությունը իրեն ստիպում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ նա ընդդիմանում է: Եթե դիրքորշումներն այդքան համահունչ են, ապա պետք է ճանաչել Արցախի անկախությունը, ոչ թե ընդդիմանալ:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը խճճվել է իր մոտեցումների մեջ և նրան օգնություն է հարկավոր այդ վիճակից դուրս գալու համար: Հիմնահարցի հանգուցալուծման համար Ադրբեջանը պետք է ընդունի այն միջազգային միջնորդական օգնությունը, որն առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները ու Ֆրանսիան:

Համանախագահ երկրների ղեկավարները իրենց մոտեցումներն արտահայտել են ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ արված հայտնի հինգ հայտարարություններում։ Եթե դրանք համահունչ են Ադրբեջանի դիրքորշմանը, ապա ինչո՞ւ է Բաքուն մինչ այսօր ամեն կերպ խուսափում ոչ միայն իբրև բանակցությունների հիմք ընդունել դրանցում որպես մեկ ամբողջություն ամրագրված սկզբունքներն ու տարրերը, այլև խորշում դրանց որևէ հղում կատարել, ինչպես դա պատահեց Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովում, որից ադրբեջանական պատվիրակությունը ուղղակի փախուստի դիմեց։

Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից վեց ամիս անց Բաքվում հանկարծ մի նոր միֆ են հորինել, թե ով է սանձազերծել ռազմական գործողությունները, կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը և բարբարոսություններ գործել՝ փորձելով մեղադրել հայկական կողմին այն ամենում, ինչով հենց իրենք շարունակաբար պարծենում էին լրատվական միջոցներով, սոցիալական ցանցերով և այդ հանցանքների հեղինակներին բարձր պարգևներ շնորհելով։

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաների շրջանում սուտ ասելու և սեփական հանրությանը մոլորեցնելու մրցույթ է հայտարարվել։ Բայց դե բոլորս գիտենք, թե նման մրցույթներում ով է միշտ հաղթանակած դուրս գալիս Ադրբեջանում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG