Մատչելիության հղումներ

Մերկելն ու Օլանդը հրաժարվել են վերացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները


Բեռլինում կայացած Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը ընդհանուր առմամբ 6 ժամ է տևել: «Նորմանդական քառյակի» ձևաչափով, Ուկրաինայի հարցով բանակցությունները հինգ ժամ շարունակվել են, այնուհետև առանց Ուկրաինայի նախագահի մասնակցության, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի առաջնորդները քննարկել են Սիրիայի իրավիճակը:

Անգելա Մերկելն ու Ֆրանսուա Օլանդը խիստ քննադատել են Վլադիմիր Պուտինին Սիրիայում ռուսական օդուժի ռմբահարումների համար և հրաժարվել են վերացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները:

Բանակցությունների ավարտից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հանդիպմանը հրաշք լուծումների չհասան, բայց Ուկրաինայի հարցով ճանապարհային քարտեզը բոլոր կողմերին հնավորություն կտա առաջ մղել Մինսկի համաձայնության իրագործումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև նոյեմբերի վերջը այդ ճանապարհային քարտեզը պետք է մշակվի:

Մերկելը հայտնել է, որ առաջնորդները նաև քննարկել են Ուկրաինայի արևելքում հակամարտ կողմերի միջև բաժանարար գոտիներ ստեղծելու և հումանիտար իրավիճակը բարելավելու հարցերը: Մերկելը չափազանց կարևոր է համարել նման հանդիպումների անցկացումը՝ պահպանելու համար բանակցային ընթացքը:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ասել է, որ ճանապարհային քարտեզը պետք է Մինսկի համաձայնությունների իրականացման հերթականություն ունենա և երաշխավորի դրանց իրագործումը: Պորոշենկոն նաև հայտնել է, որ համաձայնություն է ձեռք բերվել Դոնբասի շրջանում հակամարտ գծի չորս նոր հատվածներից դուրս բերել ուկրաինական զորքերն ու ռուսմետ անջատականներին: Պորոշենկոն ասել է, որ քննարկվել է նաև Ուկրաինայի արևելքում տեղական ընտրությունների անցկացման հարցը, որը հնարավոր կլինի անցկացնել անվտանգության պայմանները ապահովելու դեպքում:

«Նորմանդական քառյակի» առաջնորդները նաև համաձայնել են Ուկրաինայի արևելքում զինված ոստիկանական առաքելության տեղակայմանը, թույլատրելով, որ ԵԱՀԿ դիտորդները զինված լինեն, ինչպես նաև տարածաշրջանում անարգելք մուտքի իրավունք ունենան:

Պորոշենկոն սա կապել է նաև Ուկրաինայի տեղական ընտրությունների հետ, ասելով որ այդ առաքելությունը Ուկրաինայի արևելքում անվտանգություն կապահովի ընտրական գործընթացի ժամանակ, ինչպես նաև անցումային շրջանում:

Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է. - «Հաստատել ենք, որ պատրաստ ենք ընդլայնել ԵԱՀԿ-ի առաքելության լիազորությունները ծանր տեխնիկայի հետքաշման և պահպանման հարցերում»:

Մինսկի համաձայնությունները ձեռք են բերվել 2015-ի փետրվարին Բելառուսի մայրաքաղաքում: Մինչ բեռլինյան հանդիպումը Նորմանդական քառյակի առաջնորդների՝ Գերմանիայի կանցլերի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպումը կայացել է 2015-ի աշնանը:

Ուկրաինայի արևելքում 2014-ի ապրիլից սկսված ռազմական գործողությունների արդյունքում 9,600 մարդ է սպանվել:

Սիրիայի հարցով բեռլինյան եռակողմ հանդիպման վերաբերյալ նշենք, որ մամուլի ասուլիսում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ասել է, թե՝ «այն, ինչ տեղի է ունենում Հալեպում, ռազմական հանցագործություն է»:

Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հալեպում կատարվողը որակել է «անմարդկային և դաժան»՝ ավելացնելով, որ Սիրայի շուրջ Վլադիմիր Պուտինի հետ զրույցը «շատ ծանր. Է անցել»:

Վլադիմիր Պուտինը ասել է, թե Ռուսաստանը պատրաստ է երկարաձգել Հալեպի ռմբահարումների դադարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG