Մատչելիության հղումներ

Վահագն Խաչատրյան․ «Ուղղակի ներկայացնում են ծրագիր՝ ներկայացնելու համար»


«Կուզեի տեսնել այնպիսի մի ծրագիր, որը ինձ կհամոզեր, որ այս կառավարությունը իսկապես պատրաստ է Հայաստանում հեղաշրջում անել, հեղափոխություն անել՝ մարդկանց մտածողության մեջ, հատկապես՝ պետական պաշտոնյաների», - «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ խոսելով նոր կառավարության ծրագրի մասին:

Նման հեղափոխության արդյունքում, ըստ տնտեսագետի, «տնտեսության մեջ փոփոխություններ կլինեն, լրացուցիչ խթաններ կլինեն տնտեսության զարգացման համար»: «Եվ ամենակարևորը՝ այստեղ ուղերձներ կտեսնեի ես գործարարներին, հատկապես՝ ակտիվ գործարարությամբ զբաղվողներին, որ «մենք այլ խաղի կանոններ ենք սահմանում», որ «դուք բոլորդ օրենքի առջև հավասար եք, մեզ համար գոյություն չունի յուրային կամ ոչ յուրային, մենք ձեզ ընդունում ենք այնպիսին, ինչպիսին որ կաք, գործարարներ եք և ոչ ավել», - շարունակեց Խաչատրյանը:

Ներկայացված փաստաթղթում, սակայն, տնտեսագետը դա չի տեսնում: «Ընդհակառակը՝ այս փաստաթղթում որևէ խոսք չկա մենաշնորհների մասին, երբ որ մենաշնորհներն են, որ մեր այսօրվա տնտեսության ամենամեծ խնդիրներն են, և մենաշնորհներն են, որ մեր տնտեսությունը հասցրել են այսօրվա վիճակին», - ասաց Վահագն Խաչատրյանը՝ հավելելով․ - «Եվ փաստորեն այս փաստաթղթով հաստատվում է այն տեսակետը, որ ունի կառավարությունը կամ նրա ղեկավարը, որի հետ կապված մեկնաբանություն էր արել, որ մենաշնորհները փոքր տնտեսության համար ոնց որ թե պարտադիր են, որը, ըստ էության, հակասում է բոլոր գործող տեսական և պրակտիկ տարածված տեսակետին, որ մենաշնորհները որևիցե ձևով կապ չունեն երկրի փոքրության կամ մեծության հետ»:

Որպես ապացույց՝ տնտեսագետը հիշեցրեց, «քանի որ իշխանության ներկայացուցիչներն էլ են արդեն սիրում ցիտել, Աճեմօղլուի՝ հայտնի տնտեսագետի մոտեցումը, որը վերջերս, մեկ ամիս առաջ կոնկրետ Հայաստանի Հանրապետության համար էր իր մոտեցումը հայտնել, և այդտեղ որևիցե ձևով կապ չունի տնտեսության ո՛չ փոքրությունն ու մեծությունը, ո՛չ աշխարհագրական դիրքը, որևէ այլ արտաքին հանգամանքներ, նա ընդամենը խոսում է, որ Հայաստանի խնդիրները թաղված են երկրի ներսում, և առաջինը դրանք ինստիտուտների հետ են կապված, այսինքն՝ ինստիտուտների չգործելու»:

«Այսպես կարող եմ ասել, որ իրենք ուղղակի ներկայացնում են ծրագիր՝ ներկայացնելու համար, ոչ թե ծրագիր՝ իրականացնելու համար», - հայտարարեց Խաչատրյանը:

«Ո՞ր ծրագրի հետ կապված է, որ պատասխան տվեցին․ մեկը եկավ, գնաց, էն մեկը եկավ, գնաց, նորից մեկը գնաց, հիմա սա է եկել, սա էլ կգնա՝ հետո մենք կմնանք էլի նույն կոտրած տաշտակի առջև», - շեշտեց տնտեսագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG