Մատչելիության հղումներ

Նավասարդյան․ Չապահովելով արդար ընտրություններ՝ փակում են խոսակցությունները անարդար ընտրությունների մասին


ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և լրացումների մասին օրինագիծը:

Քննադատելով ու անթույլատրելի համարելով մի շարք դրույթներ՝ ընդդիմադիրները երեկ առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեցին նախագծին, իշխանություններից պահանջելով մինչև երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը շտկել փաստաթուղթը:

Չկարողանալով ապահովել արդար ընտրություններ՝ փակվում են խոսակցությունները անարդար ընտրությունների մասին, «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը: Մի շարք հարցերի թվում մտահոգիչ է քաղաքացուն քրեական պատասխանատվության ենթարկելու հավանականությունը, եթե ընտրակեղծարարության վերաբերյալ նրա հայտարարությունը ընտրական հանձնաժողովը ճիշտ չհամարի:

«Փաստորեն, դա շարունակությունն է այն մարտավարության՝ մի շարք ոչ-իշխանական ուժերի, որ հասնելով ցուցակների հրապարակման թույլտվությանը՝ նրանք համարում են, որ կարելի է զոհաբերել Ընտրական օրենսգրքի այլ դրույթներ, որոնք ապահովում էին ընտրությունների թափանցիկությունը: Եվ կոնկրետ այն նախաձեռնությունը, որը իշխանությունը համարեց փոխանակման արժանի մի դրույթ, դա նա է, փաստորեն, որ ենթադրելով քրեական պատասխանատվություն ենթադրաբար կեղծ ահազանգերի համար՝ ինչ-որ տեղ լուրջ վնաս է հասցվում և ռիսկեր կան և՛ դիտորդական ինստիտուտի համար, և՛ լրատվամիջոցների գործունեության համար, որովհետև մենք շատ լավ գիտենք, որ հիմնականում այն թերությունները ընտրությունների վերաբերյալ, որոնք արձանագրվում են, հիմնականում հենց դիտորդների՝ անկախ դիտորդների և լրատվամիջոցների շնորհիվ են [արձանագրվում]», - շեշտեց Նավասարդյանը:

«Ստացվում է, որ այս կարևոր ինստիտուտից ոչ-իշխանական որոշ ուժեր պատրաստ են հրաժարվել՝ այն դեպքում, որ շատ դժվար է պատկերացնել՝ ինչպես դա փոխհատուցվելու է ցուցակների հրապարակման հետ: Որովհետև մենք շատ լավ հասկանում ենք, որ դա միակ թերությունը չէ մեր ընտրությունների, որ, ասենք, քվեարկում են մարդիկ, որոնք իրականում հանրապետությունում չեն և չէին կարող քվեարկել, կան բազմաթիվ այլ տեխնոլոգիաներ, որոնք ակտիվորեն օգտագործվում են, և, մասնավորապես, մենք տեսանք՝ ինչպես են նրանք օգտագործվում տեղական ընտրությունների ժամանակ», - ասաց ԵՄԱ նախագահը:

«Ես ևս մեկ բան եմ տեսնում, իհարկե, այս ամեն ինչի ետևից․ չկարողանալով կազմակերպել այնպիսի ընտրություններ, որոնք վստահություն կառաջացնեն հասարակության մոտ, փաստորեն որոշում է կայացվում՝ եթե չենք կարող ապահովել արդար ընտրություններ, ապա գոնե փակենք խոսակցությունները անարդարության մասին», - ամփոփեց Բորիս Նավասարդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG