Մատչելիության հղումներ

Գյումրիում տաքսու վարորդները կրկին փողոց են դուրս եկել


Գյումրիում տաքսու անհատ վարորդներն այսօր բողոքի ակցիա անցկացրին: Վարորդներից շատերը նամակ էին ստացել, որում իրենց վարած մեքենաների լուսանկարներն են, ու զգուշացում, որ տվյալ մեքենայով կատարվել է «տաքսամոտորային փոխադրում» առանց լիցենզիայի՝ խախտելով ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքը:

Նամակում ասվում է, որ այդ խախտումը վարչական պատասխանատվություն է առաջ բերում և տվյալ վարորդը 50 հազար դրամ տուգանք է վճարելու: Վարորդներն ասում են՝ պարզ չէ արդեն տուգանվա՞ծ են, թե հաջորդ անգամ, իրենց ձևակերպմամբ՝ «սև թուղթը» ստանալուց հետո են տուգանվելու:

Բողոքով մարզպետարան հասած տաքսիստները պնդում են, թե հազիվ օրվա հացի փող են վաստակում ու չեն պատրաստվում ո՛չ լիցենզավորվել ու հարկային դաշտ մտնել, ոչ էլ, առավել ևս, 50 հազար դրամ տուգանք վճարել՝ պարզապես փող չունեն:

«Ամեն ինչից զրկում են մնացել է, որ ընտանիքներ վերցնենք, թողենք գնանք, մի հատ դիմում գրենք մի պետությանը, մեզ ընդունեն, գնանք էնտեղ աշխատեք, քան թե մեր պետության մեջ մեզ ամեն ինչից զրկեն», - ասաց վարորդներից մեկը:

Եթե, այնուամենայնիվ, զիջումների չգնան ու առանց լիցենզիայի չթույլատերն, որ տաքսի ծառայություն մատուցեն, ի՞նչ են պատրաստվում անել:

«Չենք մուծելու, 10 դրամ չենք մուծելու ու պիտի քշենք, ես իվիճակի չեմ», - ասաց մեկ այլ տաքսիստ:

Անորոշ, առանց հստակ պատասխանի վարորդները հեռացան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG