Մատչելիության հղումներ

Հարցում․ Ռուսաստանցիների մեծ մասը դեռ բացասաբար են տրամադրված Թուրքիայի հանդեպ


Ռուսաստան - Թուրքիայից ներկրված մրգերն ու բանջարեղենը կրկին վաճառվում են Մոսկվայում, հոկտեմբեր, 2016թ․
Ռուսաստան - Թուրքիայից ներկրված մրգերն ու բանջարեղենը կրկին վաճառվում են Մոսկվայում, հոկտեմբեր, 2016թ․

Չնայած ռուս-թուրքական հարաբերությունների` վերջին ամիսներին նկատվող զգալի ջերմացմանը, ռուսաստանցիների մեծամասնությունը շարունակում է Թուրքիայի հանդեպ բացասական վերաբերմունք պահպանել: Սա են վկայում Մոսկվայում գործող «Լևադա» սոցիոլոգիական ծառայության հերթական հետազոտության երեկ հրապարակված արդյունքները:

Դրանց համաձայն՝ ռուսաստանցիների 53 տոկոսը բացասաբար կամ շատ բացասաբար է տրամադրված Թուրքիայի հանդեպ: Ռուսաստանցիների 28 տոկոսը, հակառակը, նշել է, որ Թուրքիային դրական է վերաբերվում: Ռուսաստանցիների 3 տոկոսի վերաբերմունքն էլ Թուրքիայի նկատմամբ «շատ դրական է», արձանագրում են «Լևադա»-ի մասնագետները:

Հարկ է նկատել, որ ռուսաստանցիների շրջանում Թուրքիայի նկատմամբ բացասական վերաբերմունքը զանգվածային բնույթ ստացավ անցած տարվա նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումից հետո: Մինչ այդ «Լևադա» կենտրոնի մասնագետները միայն մեկ անգամ` 2003 թվականի հուլիսին էին փորձել պարզել Ռուսաստանի բնակիչների վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ` բավական լավատեսական պատկեր արձանագրելով: 13 տարի առաջ անցկացված հետազոտության համաձայն, ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը` 75 տոկոսը, Թուրքիայի հանդեպ միանշանակ դրական վերաբերմունք ուներ:

Հայաստանին սահմանակից մեկ այլ պետության` Վրաստանի հանդեպ Ռուսաստանի բնակիչների դիրքորոշումն այսօր փոքր-ինչ ավելի դրական է, քան Թուրքիայի նկատմամբ: Երեկ հրապարակված հարցման արդյունքների համաձայն՝ ռուսաստանցիների մոտ 40 տոկոսը Վրաստանի հանդեպ դրական կամ շատ դրական մոտեցում ունի: Հարցված ռուսաստանցիների 42 տոկոսի վերաբերմունքն էլ Վրաստանի նկատմամբ տրամագծորեն հակառակն է:

«Արձանագրենք, սակայն, որ Վրաստանի հանդեպ բացասական վերաբերմունքի գագաթնակետը` 75 տոկոս, արձանագրվեց 2008-ի սեպտեմբերին` Հարավային Օսիայում ծավալված ռազմական գործողություններից մի քանի շաբաթ անց», - նշում են «Լևադա» կենտրոնի մասնագետները` արձանագրելով, որ հետագա տարիներին Վրաստանի հանդեպ վերաբերմունքը Ռուսաստանի բնակիչների շրջանում դանդաղորեն դեպի դրականն էր փոխվում: «Օգոստոսյան պատերազմին հաջորդած տարիներին, սակայն, այդ ցուցանիշը երբեք չհասավ 2001 թվականի աշնան թվերին, երբ Վրաստանին դրական էր վերաբերվում հարցված ռուսաստանցիների գրեթե 50 տոկոսը», - նշում են մոսկվացի սոցիոլոգները:

Իսկ առաջատարը ռուսաստանցիների շրջանում բացասական վերաբերմունքի առումով շարունակում են մնալ ամերիկացիները: «Լևադա» կենտրոնի վերջին հարցման համաձայն՝ Միացյալ Նահանգների նկատմամբ բացասական վերաբերմունք ունի Ռուսաստանի բնակիչների 64 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG