«Հայկական վերածնունդ» կուսակցությունում (ՀՎԿ) միջազգային գործընկերների աջակցությամբ սկսվել է կուսակցական ակտիվի վերապատրաստման գործընթաց, ինչը կամփոփվի այս տարվա նոյեմբերին Քաղաքական դպրոցի հիմնմամբ, որը, կուսակցության հաղորդագրության համաձայն, «հնարավորություն կտա ինչպես ՀՎԿ, այնպես էլ հասարակական-քաղաքական գիտելիքներով հետաքրքրվող բազմաթիվ երիտասարդների ձեռք բերել ժամանակակից քաղաքագիտական գիտելիքներ»:
Մասնավորապես, ըստ հաղորդագրության, ՀՎԿ-ն վերապատրաստման ծրագրեր է սկսել «Քաղաքացիական համաձայնություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ԱՄՆ Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամի (NED) ու ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից կազմակերպվող ծրագրի շրջանակներում: «Հայկական վերածնունդ»-ը նմանատիպ վերապատրաստման դասընթացներ է իրականացնում նաև եվրոպական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում, ինչը հնարավորություն է տալիս բարձրացնել կուսակցության ներկայացուցիչների գիտելիքները ժամանակակից քաղաքական զարգացումների, ընտրական գործընթացների արդյունավետ պլանավորման և կազմակերպման, երիտասարդների, կանանց և սոցիալական տարբեր խմբերի քաղաքական մասնակցության բարձրացման և կուսակցական քաղաքականության ու զարգացման հարցերի վերաբերյալ, փոխանցում է կուսակցությունը: