Մատչելիության հղումներ

Ալիևը հստակ ասել է ԵՏՄ մտնելու գինը՝ դա հենց տարածքներն են․ վերլուծաբան


Իլհամ Ալիևը հստակ ասել է այն գինը, որի դիմաց պատրաստ է մտնել Եվրասիական տնտեսական միություն՝ «դա հենց տարածքներն են, ավելի քան ակնհայտ սա է ասում»: Այսպիսի կարծիք հայտնեց վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը՝ «Ազատության» հետ զրույցում մեկնաբանելով ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի արած հայտարարությունները:

Հարցազրույցում Եվրասիական միությանը իր երկրի հնարավոր անդամակցության մասին հարցին Ալիևը պատասխանել է, մասնավորապես, թե Ադրբեջանն այնքան ինքնաբավ ու զարգացած երկիր է, որ որևէ միության ինտեգրվելու համար հավելյալ շարժառիթ է պետք։

«Այսինքն, ասում է՝ «ինքնաբավ պետություն ենք, մեզ ոչ մի բան պետք չի, բայց եթե շատ եք ուզում, մենք կմտնենք, բայց դրա դիմաց հայերին ասեք, որ տարածքները մեզ հետ տան»: Մոտավորապես եթե շատ պարզ ասենք՝ դա էր ասում», - մեկնաբանեց Հակոբյանը:

Նույն հարցազրույցում Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե առավելագույն զիջումը, որին ղարաբաղյան հարցում պատրաստ է գնալ պաշտոնական Բաքուն, Լեռնային Ղարաբաղին ինքնավար հանրապետության կարգավիճակի տրամադրումն է: Ի պատասխան՝ Հայաստանի արտգործնախարարությունը Ադրբեջանի ղեկավարությանը հորդորեց ինքնախաբեությամբ չզբաղվել:

«Ազատության» հարցին՝ «կարո՞ղ ենք ասել, որ կրկին փակուղային իրավիճակում է հայտնվել կարգավորման գործընթացը», վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը արձագանքեց․ - «Կարող ենք ասել, որ միշտ եղել է գրեթե փակուղում, հիմա փակուղում է, բայց նաև ուրիշ բան կարող ենք ասել՝ որ կողմերի վրա ակնհայտ ճնշումներ են բանեցվում, որպեսզի նրանք գնան որոշակի լուծումների: Իլհամ Ալիևի այս և մեկ շաբաթ առաջ արված հայտարարությունը, որ «մեզանից ուզում են, որ մենք Ղարաբաղը ճանաչենք», դա բողոք է՝ ուղղված համանախագահներին, որ, «տեսե՛ք, այսպիսի բան են մեզ ուզում պարտադրել»: Մյուս կողմից, սակայն, պարտադրանք կա հայկական կողմի վրա, որպեսզի վերադարձնեն տարածքները: Այսինքն՝ և՛ էն կա, և՛ էն կա, և՛ փակուղի է․․․»:

«Այսինքն, կուլիսներում շարունակվո՞ւմ են բանակցությունները», - այս հարցին էլ վերլուծաբանը պատասխանեց․ - «Իհարկե, շարունակվում են բանակցությունները, կուլիսներում շարունակվում են բանակցությունները, բայց ես կարծում եմ, որ այդ բանակցություններին շատ լուրջ հարված հասցրեցին, մասնավորապես, Ջոն Քերրիի և Լավրովի հայտարարությունները, երբ նրանք, փաստորեն, մեղքը գցեցին երկու երկրների նախագահների վրա»:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի պնդմանը, թե «լավրովյան առաջարկները», որ սեղանին էին վերջին շրջանում, Ադրբեջանը մերժել է, քանի որ դեմ է խաղաղապահների տեղակայմանը, Թաթուլ Հակոբյանը բացարձակապես համամիտ չէ:

«Ռուսական վերջին առաջարկը մերժել է հայկական կողմը և շատ ճիշտ է արել: Երևի միակ բանը, որ ես հրապարակավ գովեստ եմ հնչեցնում այս իշխանությունների հասցեին, որոնց ես համարում եմ պատուհաս հայ ժողովրդի, Հայաստանի համար, միակ բանը, որ ես կարող եմ իրոք ասել, որ ճիշտ են արել, դա՝ որ մերժել են այդ առաջարկները և շատ ճիշտ են արել», - հայտարարեց վերլուծաբանը՝ հավելելով․ - «Ես կասկած չունեմ, որ հայկական կողմն է մերժել վերջին առաջարկները, և ասեմ, որ ճիշտ է արել, որովհետև դրանք էնքան վատն էին, որ դրանք ընդունելի առաջարկներ չէին»:

XS
SM
MD
LG