Մատչելիության հղումներ

ՊՆ խոսնակ. Զինված ուժերը մշտապես պատրաստ են ցանկացած ոտնձգության հակառակորդի կողմից


Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, Ադրբեջանը միշտ էլ պատրաստվել և պատրաստվում է պատերազմի։

«Ադրբեջանը միշտ էլ պատրաստվել և պատրաստվում է պատերազմի, հատկապես 2003 թվականից հետո այդ պատրաստությունն այլ մակարդակի վրա է դրվել, դա բոլորիս համար էլ գաղտնիք չի։ Կան գաղտնի տեղեկություններ և ոչ գաղտնի տեղեկություններ, բայց ժամկետներ նշել չէի ուզենա և ճիշտ չեմ համարում ասել՝ երբ և ինչպիսի պատերազմի կպատրաստվի», - ասաց ՊՆ խոսնակը՝ նշելով, որ, եթե նման հարց լինի, ապա Հայաստանի համապատասխան ծառայությունները համապատասխան կարգով դրանցով կզբաղվեն։

Արծրուն Հովհաննիսյան այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Զինված ուժերը մշտապես պատրաստ են ցանկացած ոտնձգության հակառակորդի կողմից։ «Բայց ասել, որ մոտ ժամանակներս հստակ լինելու է լայնամասշտաբ պատերազմ, չեմ կարծում, որ ռեալիստական է և պետք է նման տեսակետներ հնչեցրել», - ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս պահի դրությամբ դրա հիմքերը չկան. - «Չնայած, եթե անկեղծ ասենք, ժամանակակից կոնֆլիկտների տրամաբանությունն այնպիսին է, որ շատ արագ կարող է ինչ-որ բան զարգանալ և շատ արագ կարող է ինչ-որ բան հանգել»։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, հիշեցնենք, երեկ «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ ու երկարատև պատերազմական գործողությունների։ «Լայնամասշտաբ ու երկարատևի: Խնդիրն այն է, որ երբ նա գործարան է դնում, որ արկեր արտադրի կամ հրթիռներ արտադրի, դա խոսում է այն մասին, որ նա չի վստահում իր գործընկերներին, որոնք մատակարարում են, մտածելով, որ կարող է ինչ-որ մի փուլում իրենց չմատակարարեն: Եվ ինքը փորձում է, զենք գնելով՝ հրթիռային, արկային և այլ արտադրանքը, ինչը հետագայում պիտի մատակարարվի, իր մոտ արտադրվի», - ասել էր Բաբայանը:

Հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը շուտով ինչ-որ զինատեսակներ գնելու կարիք չի ունենա, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Անկեղծ ասած, ես համաձայն չեմ դրա հետ, որ կարիք չունեն ինչ-որ բաներ ձեռք բերելու։ Իրականում, եթե Դուք ծանոթ լինեիք մանրամասն Ադրբեջանի զինանոցի տեսականուն, ծավալներին, Դուք կհասկանաք, որ դա դեռ մեծ միֆ է, և արտադրել մեկ-երկու տեսակի, օրինակ, հրթիռներ, այն էլ այդպիսի ոչ մեծ ծավալի հոսքերով, երբեք հնարավոր չի ծածկել ամբողջ պահանջարկը, ավելին՝ դրանով հնարավոր չի լուծել ամբողջ խնդիրը։ Մյուս կողմից էլ, ասեմ, որ՝ իսկ ո՞վ է ասել, որ հայկական կողմը դրա դիմաց քայլեր չի ձեռնարկում։ Դուք ինքներդ կարող էիք նկատել նույն «ԱրմՀայԹեք»-ի ցուցահանդեսի ժամանակ նաև հրետանային արկեր՝ կոնկրետ որոշակի տրամաչափերի, որոնք նախագծվել, պատրաստվել, փորձարկումն անցել են հայկական ռազմաարդյունաբերական համալիրի կողմից, բայց դա դեռ չի նշանակում, որ ունենալով մեկ-երկու զինատեսակի արտադրություն, դու ամբողջ քո պահանջմունքը կարող ես ծածկել»: «Հնարավոր չէ ընդհանրապես, այսպես ասեմ, որ Դուք պատկերացնեք, որ Ադրբեջանը կարողանա իր ամբողջ զինամթերքի հարցը լուծի ինքնուրույն, աշխարհում նման ինքնաբավ պետություն մեկ ձեռքի վրա է հաշվվում», - ընդգծեց պաշտպանության նախարարության խոսնակը:

Դիտարկմանը, թե ապրիլյան պատերազմի ժամանակ նկատվեց Ադրբեջանի զինված ուժերի տեխնիկապես հագեցված լինելը, Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. - «Ադրբեջանը միշտ եղել է որոշակի զինատեսակներով ավելի հագեցած, հատկապես քանակական առումով, և չեմ կարծում, որ էս հարցին պետք է տալ նմանատիպ ուղղակի լուծում, այսինքն, երբեք հայկական բանակը չպետք է գնա նրան, որ այդ հարցը լուծի նման ճանապարհով, այսինքն՝ նույնքան միջոց ձեռք բերելու և նմանատիպ միջոցներ ձեռք բերելու ճանապարհով: Մենք միշտ ունենալու ենք որակը քանակին համադրելու ռազմավարություն»։

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսին նաև «Իսկանդեր»-ը ներկայացվեց: Զորահանդեսից հետո տարբեր քննադատություններ, քննարկումներ եղան դրա շուրջ։ Սամվել Բաբայանն «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ «Ադրբեջանը թեև «Իսկանդեր» չունի, սակայն ունի նմանատիպ հրթիռներ՝ «Տոչկա Ու» և այլ՝ չորս-հինգ ձևի, որը նույն ձևի կարող են մեր քաղաքների վրա ուղարկել, մեր ռազմական կետերի վրա ուղարկել և մեծ կորուստներ պատճառել»:

Դիտարկմանը, թե Բաբայանը կարծես ակնարկում էր, որ հավասարակշռությունն այս առումով չի փոխվել, Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. - «Ցանկացած նոր զինտեխնիկա իր մուտքով արդեն որոշակի բալանսի փոփոխության, իրավիճակի փոփոխության և հնարավորությունների փոփոխության մասին է խոսում, իսկ համեմատել, կոնկրետ ես, նախևառաջ, առաջին մարդկանցից եմ եղել, որ նշել եմ՝ պետք չէ շատ «իսկանդերակենտրոն» քննարկումներ անել։ «Իսկանդեր»-ը միգուցե մեր զինանոցի ամենահեռահար, բայց զենքերից մեկն է միայն»: Պաշտպանության նախարարության խոսնակը նշեց, որ Ադրբեջանը ևս ունի հարձակողական միջոցներ, ուղղակի դրանք «Իսկանդեր»-ին այս կամ այն կերպ զիջում են՝ հեռահարությամբ, դիպուկությամբ։

«Ձեր հարցը, նախորդ բանախոսի տված գաղափարները ծնվել են այն մտքից, որ «Իսկանդեր»-ով մենք ամենակարող վիճակում ենք հայտնվել, իսկ ես դրան դեմ եմ, ամենակարող, ամենահզոր, ամենահաղթ վիճակի մասին խոսք լինել չի կարող, որովհետև զենքերը չեն այդ ամենակարողությունն ապահովում։ Մեղադրանքներ հնչեցնողներին ամիսներ շարունակ ասում եմ՝ սխալ եք մեղադրանքներ հնչեցնում, ոչ-պրոֆեսիոնալ, զգացմունքային, անհիմն, որովհետև գլխավորը դրանք չեն, գլխավորը մեր մասնագետներն են, մեր զինվորականներ են, մեր սպաներն են», - շեշտեց Արծրուն Հովհաննիսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG