Մատչելիության հղումներ

ՀՔԾ. Հարուցվել է քրգործ Վարսեր համայնքում ԸՀ աշխատանքները խոչընդոտելու դեպքով


Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տեղեկացնում է, որ Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքի ղեկավարի թեկնածուն և նրա համախոհները բռնություն գործադրելու սպառնալիքով խոչընդոտել են ընտրական հանձնաժողովի աշխատանքներին. դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

«Քաղաքացի Ս. Մ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրը՝ հոկտեմբերի 2-ին ժամը 13:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի թիվ 23/01 ընտրատեղամասից դուրս Վարսեր համայնքի ղեկավարի թեկնածուն սպառնացել է հանձնաժողովի նախագահ Ս. Մ.-ին՝ ձայներ չապահովելու ու իր չընտրվելու դեպքում հաշվեհարդար տեսնել նրա ընտանիքի հետ», - հայտնում է ծառայությունը՝ շարունակելով. - «Ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո, երբ պարզվել է, որ հիշյալ թեկնածուն պարտվել է, Ս. Մ.-ն քվեաթերթիկները տեղավորել է մեքենայի մեջ՝ ընտրատարածքային հանձնաժողով տեղափոխելու նպատակով, սակայն հիշյալ թեկնածուի համախոհները մոտ 5-6 ժամ փակել են մեքենայի ճանապարհը՝ խոչընդոտելով ընտրական հանձնաժողովի աշխատանքներին»:

ՀՔԾ-ն փոխանցում է, որ Ս. Մ.-ն նշել է նաև, որ «այդ ընթացքում ոստիկանության ծառայողները ոչինչ չեն ձեռնարկել, իսկ երբ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 06:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում, դիմել է ոստիկանության Սևանի բաժին՝ իր նկատմամբ կատարված հանցագործության դեպքի առթիվ հաղորդում տալու նպատակով, բաժնի հերթապահն ու մյուս պաշտոնատար անձինք իրենից հաղորդում չեն ընդունել»:

«Քաղաքացիների կողմից բռնություն գործադրելու սպառնալիքով զուգորդված ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու և ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG