Շանհայի եվրոպական ուսումնասիրությունների ինստիտուտի նախագահ, Չինաստանի եվրոպական ուսումնասիրությունների կազմակերպության փոխնախագահ Քսյու Մինգքը, ով այսօր մասնակցում էր Երևանում մեկնարկած Եվրասիական տնտեսական ֆորումի աշխատանքներին, «Ազատությանը» տված հարցազրույցում կարծիք հայտնեց, որ Հայաստանը իր աշխարհագրական դիրքի շնորհիվ կարող է դառնալ չինական հավակնոտ ծրագրի՝ Ասիան Եվրոպայի հետ կապող «Մետաքսի ճանապարհի» խաչմերուկը:
Սակայն չինաստանցի փորձագետի կարծիքով տրանսպորտային խաչմերուկ դառնալու՝ Հայաստանի հնարավորություններն ավելի մեծ կլինեին, եթե երկիրը բաց սահմաններ ունենար իր հարևանների, հատկապես՝ Թուրքիայի հետ:
«Մետաքսի ճանապարհ» ծրագրով Չինաստանը ցանկանում է ժամանակակից առևտրային մայրուղիների տեսքով ձևավորել նոր «Մետաքսի ճանապարհ»՝ Շանհայից մինչև Բեռլին:
Ծրագրի կյանքի կոչման հիմնական նպատակներից մեկը բեռների փոխադրման ժամկետի նվազեցումն է:
Մեկնաբանելով հայ-չինական հարաբերությունները, Քսյու Մինգքը ընդգծում է, որ դրանք քաղաքական առումով բավականին բարձր մակարդակի վրա են․ - «Չինաստանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում այդ հարաբերություններին: Կարծում եմ, որ անհրաժեշտ է ավելի աշխուժացնել փոխադարձ այցերը, որոնց ընթացքում տեղի են ունենում մտքերի փոխանակում: Այդ շփումները պետք է հնարավորինս շատ լինեն, որպեսզի հնարավորություն ստեղծվի շահագրգռել չինական ընկերություններին և կառավարությանը Հայաստանում ներդրումների հնարավորություն տեսնելու համար»:
Այս առումով Հայաստանը մեծ ներուժ ունի, կարծում եմ չինաստանցի մասնագետը:
Այն, որ Հայաստանը մինչ օրս նման ծրագրեր չի իրականացրել, Քսյու Մինգքը բացատրում է Հայաստանում բնական պաշարների բացակայությամբ, ասում է, որ Չինաստանն ավանդաբար հետաքրքրված էր այն երկրներով, որտեղ կան բնական պաշարներ, սակայն, Քսյու Մինգքի փոխանցմամբ, այսօր Չինաստանի քաղաքականությունը փոխվել է:
«Այսօր Չինաստանը ընդլայնել է իր ներդրումային քաղաքականությունը, հետաքրքիր են տեխնոլոգիաների, արդյունաբերության և առևտրային ոլորտները, և այս առումով Հայաստանը կարող է շատ հետաքրքիր լինել», - ասում է նա: