Մատչելիության հղումներ

Վարչապետը հանձնարարում է ուսումնասիրել կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտները


Վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր ևս կառավարության նիստը սկսեց հանձնարարություններով՝ հիմնականում ակնարկելով կոռուպցիոն ռիսկերի մասին։

Օրինակ, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ըստ վարչապետի, չի բացառվում, որ չէր հետևում իր ֆինանսավորած ծրագերի արդյունավետությանը․ - «Հանձնարարում եմ Սպորտի և երիտարդության հարցերի նախարարին՝ տասնօրյա ժամկետում ուսումնասիրել մարզական հասարակական կազմակերպություններին մարզական բնույթի միջոցառումներ կազմակերպելու, պարգևատրումներ կատարելու համար պետական բյուջեից հատկացվող գումարների ծախսման արդյունավետությունը, ընդհանրապես դրանց հիմնավորվածությունը և կրճատել անարդյունավետ և չհիմնավորված ծախսերը»:

Նիստից հետո նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ասաց, թե տեղյակ չէ՝ չարաշահման կասկածներ կան թե ոչ, և շտապեց հեռանալ։ Ասաց միայն․ - «Եթե հանձնարարվել է ուսումնասիրել, կուսումնասիրենք և կպատասխանենք: Այս պահի դրությամբ ծախսված գումարների օգտակար գործողության գործակիցը պետք ա ստուգվի»:

Կառավարության ղեկավարի ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաև հանրակրթությանը: Մասնավորապես՝ այդ ոլորտում աշխատող անձանց ազգակցական կապերն ու շահերի բախումը․ - «Հանձնարարում եմ ՀՀ կրթության և գիտության նախարարին, ՀՀ մարզպետներին, առաջարկում եմ Երևանի քաղաքապետին՝ յոթնօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հանրակրթության հաստատությունների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ: Ինչի մասին է խոսքը, բոլորդ շատ լավ հասկանում եք․ մայր ու աղջիկ նույն դպրոցում․․․ Ես չեմ բացառում, որ նման դեպքեր կարող են լինել․ պետք է տարբերակել՝ որտեղ է օբյեկտիվ, որտեղ՝ սուբյեկտիվ»:

Որոշ դեպքերում Հայաստանում դպրոցի տնօրենի պաշտոնը ժառանգաբար է անցում մորից դստերը, ինչպես օրինակ, ըստ մամուլի, տեղի է ունեցել Երևանի ամենամեծ կրթական հաստատություններից Պուշկինի և Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցներում։

Շահերի բախման օրինակներ հայտնի են նաև ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիոսյանին: Բայց նա առաջարկում է նախ դիտարկել պետական կառավարման համակարգը: Օրինակ, Ազգային ժողովի նախագահի որդիներից մեկը Առողջապահության փոխնախարար է, մյուսը՝ Պետական գույքի կառավարման վարչության պետը։

«Իրականության մեջ ակնհայտ է, որ խնդիրը ոչ այդքան ազգակցական ժառանգորդությանն է վերաբերվում դպրոցներում, այլ ընդհանրապես կառավարման համակարգում կլանային ժառանգականությանը, ինչու չէ՝ նաև ազգակցական ժառանգականությանը․ բոլոր պաշտոնավորների երեխաները կամ տաղանդավոր կառավարիչներ են, կամ տաղանդավոր բիզնեսմեններ են: Խնդիրը այստեղ ոչ թե դպրոցներն է, որոնք ածանցյալ են, այլ խոսքը այստեղ վերաբերում է բացառապես կառավարման համակարգի բովանդակությանը և մեթոդաբանությանը»:

«Ժառանգության» փոխնախագահի կարծիքով, վարչապետ Կարապետյանը չի իրականացնում բովանդակային բարեփոխումներ՝ անդրադառնալով երկրորդական հարցերի։

Տնտեսագետ Աշոտ Եղազարյանը, մինչդեռ, կարծում է, որ կառավարությունը ղեկավարը պետք է զբաղվի նաև երկրորդական և երրորդական հարցերով՝ ուշադրության կենտրոնում սոցիալ տնտեսական ծանր պայմաններում գտնվող Հայաստանի ամենաօրակարգային խնդիրները․ - «Եթե կառավարությունը կարողանա լուծել այն արտաքին մարտահրավերները, որ կանգնած են մեր երկրի առաջ՝ պայմանավորված մեր, այսպես ասած՝ անկախ տնտեսական քաղաքականության կորստով, Հայաստանը ներկա պայմաններում ի վիճակի է հաղթահարել նշված խնդիրները՝ միայն վերականգնելով հարաբերությունները Եվրամիության հետ: Եվ երկրորդը՝ Իրանի հետ հարաբերություններում ամբողջությամբ ինքնուրույն, մեր շահերից բխող քաղաքականության իրականացում, որը հնարավորություն կտա մեզ մասնակից դառնալ տարածաշրջանային նախաձեռնություններին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG