Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյան․ Ադրբեջանը անհանգստացած է «Իսկանդերներով»


Ադրբեջանը անհանգստացած է «Իսկանդերներով» և Հայաստանի զինված ուժերում տեղի ունեցող գործընթացներով, այսօր մեկնաբանելով Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարի հայտարարությանը, թե իրենք «այսուհետ պետք է առավել կոշտ պատասխան տան հայկական կողմին» ասաց պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը:

«Իսկ ի՞նչ է կարելի ակնկալել մի պետությունից, որը միշտ հայտարարում է այն մասին, որ փորձելու է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Իհարկե, իրենք շատ անհանգստացած են և՛ այն ամեն ինչով, ինչ տեսան սեպտեմբերի 21-ի զորահանդեսի ժամանակ, այն գործընթացները, որ տեսնում են Հայաստանի զինված ուժերում: Մենք պետք է մշտապես պատրաստ լինենք հնարավոր զարգացումներին և անենք ամեն բան, որ մեր զինված ուժերը ի վիճակի լինեն հետ մղել նման փորձերը և պաշտպանեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության անվտանգությունը», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց նախարարը:

Շուրջ տասը օր առաջ պաշտպանության նախարար նշանակվելուց հետո Վիգեն Սարգսյանը «Ազատության» հարցին ի պատասխան այսօր առաջին անգամ մեկնաբանեց իր հասցեին հնչեցվող քննադատությանը, թե ռազմական փորձ չունեցող անձը զինված ուժերի արդյունավետ ղեկավար լինել չի կարող․ - «Պաշտպանության նախարարության հիմնական գործառույթը քաղաքացիական վերահսկողությունն է զինված ուժերի նկատմամբ, և կապն է զինված ուժերի և պետության մնացած բոլոր կառույցների հետ, որոնք պետք է մոբիլիզացվեն ռազմական գործողությունների պարագայում, և կարծում եմ, որ պաշտպանության նախարարության գործառույթը հենց դրա մեջ է, շատ հստակ ամրագրված է և սկզբունքորեն պաշտպանության նախարարը պետք է լինի քաղաքական պաշտոնյա և ոչ թե զինվորական»:

Նախկինում շուրջ 5 տարի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Սարգսյանը նաև անդրադարձավ պաշտպանական ոլորտում առաջիկա անելիքներին․ - «Առաջիկա օրերին, երբ կառավարությունը ներկայացնի իր ծրագիրը Ազգային ժողովին, դրա մեջ շատ հստակ ամրագրված կլինեն պաշտպանության ոլորտում այս կառավարության հիմնական նպատակը և ուղղությունները: Ես դրանց մասին առիթ ունեցել եմ խոսելու, խոսքը վերաբերում է ազգ-բանակ գաղափարախոսությանը, և դա բացարձակ չի նշանակում հասարակության զինվորականացում, այլ նշանակում է, որ պետության բոլոր կառույցները և հասարակությունը մշտապես պետք է իրենց ժամանակի մի մասը հատկացնեն երկրի անվտանգության և պաշտպանության խնդիրներին իրենց ներդրումը ունենալուն»:

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք հեռացվելու են պաշտպանական համակարգից այն գեներալներն ու այլ զինվորականները, ում կողմից չարաշահումների մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, նախարարը պատասխանեց․ - «Բանակում չարաշահումների վերացումը ազգի կառուցման կարևորագույն բաղադրիչներից մեկն է, որովհետև դրա հետ է կապված ուղղակիորեն վստահությունը դեպի զինված ուժերը, վստահությունը դեպի պաշտպանության համակարգը»:

Արդյո՞ք իր նախորդի՝ Սեյրան Օհանյանի հեռացումը նախարարի պաշտոնից կապված չէր ապրիլյան պատերազմում արձանագրված թերացումների հետ հարցին նորանշանակ նախարարը բացասական պատասխան տվեց․ - «Բացարձակ: Ես կարծում եմ՝ Հանրապետության նախագահը՝ Գերագույն գլխավոր հրամանատարը, շատ հստակ պաշտպանության նախարարությունում ներկայացրեց այդ փոփոխության հիմնավորումը և այն գաղափարախոսությունը, որ դրված է քաղաքացիական պաշտպանության նախարար նշանակելու հիմքում»:

Նախարարն այսօր մասնակցում էր սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսին, որտեղ ներկայացված են հայաստանյան, ինչպես նաև ռուսական և մի քանի այլ երկրների ռազմարդյունաբերության արտադրանքները՝ անօդաչու թռչող սարքերից մինչև հեռահար հրթիռային համակարգեր: Ցուցահանդեսը բացվեց ռազմական նվագախմբի և ցուցադրական կրակոցների ուղեկցությամբ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով վստահություն հայտնեց, որ ՀԱՊԿ անդամ երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման համար խիստ կարևոր է ժամանակակից զինտեխնիկա ունենալը: - «Իհարկե գլխավորապես ջանքերը գործադրվում են, որպեսզի առաջին հերթին անվտանգությունն ապահովվի քաղաքական միջոցներով, բայց իրադարձությունների զարգացման տրամաբանությունը, միտումները խոսում են միայն մի բանի՝ կազմակերպության ուժային պոտենցիալը ամրապնդելու անհրաժեշտության մասին», - նշեց Բորդյուժան:

Վաղը երևանում տեղի կունենա ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որտեղ նախատեսվում է, որ կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժային կփոխարինի Հայաստանի ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG